
Իրանը կտրականապես մերժել է Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու ԱՄՆ-ի ծրագիրը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային «ապշեցուցիչ» է որակել Գազան վերահսկողության տակ վերցնելու, իսկ անկլավում բնակվող պաղեստինցիներին Եգիպտոսում և Հորդանանում վերաբնակեցնելու մասին ԱՄՆ իշխանությունների վերջին հայտարարությունները։
Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։ Բաղային նշել է, որ այդ հայտարարությունները «համահունչ են Պաղեստինը ոչնչացնելու» Իսրայելի ծրագրին։ Իրանցի դիվանագետը կոչ է արել միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին խստորեն դատապարտել նմանատիպ ձևակերպումները։ Նա շեշտել է, որ բոլոր պետությունները պետք է աջակցեն Պաղեստինի ժողովրդին՝ «ինքնորոշման և օկուպացիայից ու ապարտեիդից ազատվելու իր իրավունքի իրացման գործում»:
Իսկ Գազայի հատվածը յուրացնելու մտադրության մասին ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունը Բաղային որակել է որպես «միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության աննախադեպ խախտում»:
«Ժողովուրդը, որը 76 տարի իր ողջ էությամբ դիմակայել է օկուպացիոն ռեժիմի ամենադաժան հանցագործություններին ու ագրեսիային և չի լքել իր նախնիների երկիրը, անշուշտ, թույլ չի տա ԱՄՆ-ին և սիոնիստական ռեժիմին այլ միջոցներով ոչնչացնել իր ազգային և պատմական ինքնությունը», – ընդգծել է Բաղային։
Փետրվարի 4-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Գազայի հատվածը երկարաժամկետ սեփականացնելու, վերակառուցելու և «մերձավորարևելյան Ռիվիերայի» վերածելու հարցը։