Բաժիններ՝

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով երկիրը դուրս կգա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության ու աշխատանքի կազմակերպման գործակալությունից։ ԱՄՆ-ն նաև կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա մասնակցությունը։

Այս հաղորդում է Սպիտակ տունը։

Ըստ փաստաթղթի՝ ՄԱԿ-ի որոշ կառույցներ հեռացել են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունն առաջ մղելու առաքելությունից և գործում են ԱՄՆ-ի շահերի դեմ։Թրամփի կատարողական հրամանագրում նշվում է, որ ԱՄՆ-ն չի մասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, չի վերընտրվի այդ մարմնում և կդադարեցնի ԱՄՆ ներկայացուցչության աշխատանքն այդ մարմնում։

Իսկ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության ու աշխատանքի կազմակերպման գործակալության աշխատակիցներին Վաշինգտոնը մեղադրել է 2023 թ. հոկտեմբերի 4-ին Իսրայելի դեմ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակմանը մասնակցելու մեջ։

Բացի այդ, Թրամփը կարգադրել է ուսումնասիրել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) հետագա անդամակցության նպատակահարմարությունը:

Այդ ուսումնասիրությունը կղեկավարի ԱՄՆ պետքարտուղարը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի հետ համակարգմամբ։

Լրագրողների առջև հրամանագիրը ստորագրելիս Թրամփը հայտնել է, որ կարգադրել է ստուգել՝ արդյոք հիմքեր կան կրճատելու ԱՄՆ-ի վճարումները ՄԱԿ-ի գործունեության համար։«Մենք չափազանց շատ ենք վճարում», – ասել է նա։

Խոսելով ՄԱԿ-ի մասին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ «կազմակերպությունը մեծ ներուժ ունի, բայց վատ է աշխատում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս