Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձը կձախողվի․ Աբբաս Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, կառավարության նիստի ընթացքում մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Թեհրանի վրա առավելագույն ճնշումը վերականգնելու մասին հրամանագրի ստորագրումը, հայտարարել է, որ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելը ձախողված փորձ է, և այն կրկին կիրառելը կհանգեցնի հերթական ձախողման։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
«Եթե միակ խնդիրն այն է, որ Իրանը միջուկային զենք չստեղծի, ապա դրան հնարավոր է հասնել», – ասել է Իրանի ԱԳ նախարարը։ Արաղչին նաև նշել է, որ Իրանի դիրքորոշումը` որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ, հստակ է՝ հավելելով, որ ճանապարհային քարտեզը հստակեցված է Իսլամական հեղափոխության առաջնորդի հանձնարարականներում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված փաստաթղթով նախատեսվում է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ձեռքբերումը, ոչնչացնել Իրանի «ահաբեկչական ցանցը», ինչպես նաև Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու արշավ մեկնարկել: