![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ն Գուանտանամո է ուղարկել անօրինական միգրանտների առաջին խմբին
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-Iqe8lG8tmUFL.jpg)
Անօրինական միգրանտներով առաջին ինքնաթիռը փետրվարի 4-ին վայրէջք է կատարել Կուբայի Գուանտանամոյի ամերիկյան ռազմակայանում։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ օդանավը թռել է Տեխասի նահանգից և Գուանտանամո է տարել ոչ մեծ թվով միգրանտների, ներառյալ՝ Վենեսուելայում ստեղծված Tren de Aragua անդրազգային հանցավոր խմբավորման 10 անդամի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին և ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը հանձնարարել էր Կուբայի Գուանտանամոյի ամերիկյան ռազմակայանի բանտում միգրանտների ժամանակավոր պահման կենտրոն պատրաստել, որը կկարողանա տեղավորել շուրջ 30 000 մարդու:
Գուանտանամոյի ռազմածովային բազայի տարածքում բանտ է ստեղծվել 2002 թվականին ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի օրոք։ Այդ ճամբար էին ուղարկվում Աֆղանստանում ռազմական գործողության և այլ հակաահաբեկչական արշավների ընթացքում բռնված անձինք։
Բուշ Կրտսերին հաջորդած Բարաք Օբաման ԱՄՆ նախագահի լիազորությունների ստանձնումից անմիջապես հետո՝ 2009 թ. հունվարի 22-ին, ստորագրել է հրամանագիր հատուկ բանտը 12 ամսվա ընթացքում փակելու մասին։ Այդուհանդերձ, Գուանտանամոյի բանտը գոյություն ունի մինչ օրս, ինչն իրավապաշտպանների կողմից սուր քննադատության է արժանանում: