ԱՄՆ-ում ցույցեր են տեղի ունեցել Թրամփի հայտարարած զանգվածային արտաքսումների դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պլանավորված զանգվածային արտաքսումների դեմ բողոքող հազարավոր ցուցարարներ փետրվարի 2-ին Հարավային Կալիֆոռնիայում ակցիայի են դուրս եկել՝ Լոս Անջելեսի կենտրոնում արգելափակելով խոշոր մայրուղիներից մեկը։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Ցուցարարները կոչ են արել միգրացիոն ոլորտում բարեփոխումներ անցկացնել։ Բողոքի ակցիայի մասնակիցները նաև նստացույցեր են արել։ Մայրուղին վերաբացելու համար պահանջվել է ավելի քան 5 ժամ։ Ըստ ոստիկանության՝ ձերբակալվածներ չկան։ Հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի ակցիա է անցկացվել նաև Ռիվերսայդ քաղաքում։ Սան Դիեգոյում տեղի ունեցած ցույցին ևս հարյուրավոր մարդիկ են մասնակցել։
Տեխասի Դալաս քաղաքում երկու ցույց է անցկացվել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության կողմից իրականացված վերջին ձերբակալությունների դեմ։
Դալասի ոստիկանությունը The Associated Press -ին հայտնել է, որ երկու ցույցերին մասնակցել է շուրջ 1600 մարդ։ Ցուցարարների մոտ եղել են ԱՄՆ-ի և Մեքսիկայի դրոշները, իսկ բանախոսներն իրենց վրդովմունքն են հայտնել արտաքսումների թիվն ավելացնելու՝ Թրամփի վարչակազմի քայլերի դեմ։