Թեհրանը ցանկանում է ընդլայնել կապերը Բաքվի հետ. Իրանի արտգործնախարար

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։ Կողմերը քննարկել են ինչպես երկու երկրների հարաբերություններն, այնպես էլ տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Հանդիպման ժամանակ Արաղչին և Հաջիևն անդրադարձել են երկու երկրների հարաբերություններին։«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի Հանրապետության հետ փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա հարաբերությունների խթանմանը», – ասել է Իրանի արտգործնախարարն՝ ընդգծելով, որ Իրանի և Ադրբեջանի միջև առկա են բազմաթիվ ընդհանրություններ ու խորը պատմական, մշակութային և կրոնական կապեր։Նա ընդգծել է Իրանի բարիդրացիական քաղաքականությունը և հարևանների հետ կապերն ընդլայնելու վճռականությունը, ինչպես նաև Բաքվի հետ հարաբերությունների սերտացման հարցում նախագահ Փեզեշքիանի աջակցությունը։

Արաղչին հույս է հայտնել, որ երկու հարևանների միջև կապերը կընդլայնվեն՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի և վստահության վրա։

Նա շեշտել է կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների կարևորությունը և դրանց ազդեցությունը տարածաշրջանի երկրների կայունության, անվտանգության և զարգացման վրա։

Արաղչին վերահաստատել է Իրանի քաղաքականությունը՝ աջակցելու տարածաշրջանային պետությունների՝ խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու կամքին՝ օգտագործելով տարածաշրջանային կարողությունները և խուսափելով արտատարածաշրջանային պետությունների ապակառուցողական միջամտություններից:

Իր հերթին Հաջիևն ընդգծել է Ադրբեջանի նախագահի վճռականությունը՝ ընդլայնելու երկու եղբայրական հարևանների միջև կապերը բոլոր ոլորտներում՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։

Նա անդրադարձել է նաև երկու երկրների պաշտոնյաների վերջին այցերին և Թեհրան-Բաքու համատեղ տնտեսական հանձնաժողովի անցկացմանը՝ նշելով, որ երկու երկրներն ունեն իրենց կապերը խթանելու հսկայական ներուժ։

Տեսանյութեր

Լրահոս