Բաժիններ՝

Մեքսիկայի նախագահը նախազգուշացրել է ԱՄՆ-ի համար մաքսատուրքերի ծանր հետևանքների մասին

Մեքսիկական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի հետևանքները լուրջ բացասական ազդեցություն կունենան ամերիկյան տնտեսության վրա։ Այդ մասին X-ում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։

«Սահմանված 25% մաքսատուրքերը հետևանքներ ունեն երկու երկրների համար: Դրանք չափազանց լուրջ հետևանքներ ունեն ԱՄՆ տնտեսության համար, քանի որ Մեքսիկայից ԱՄՆ արտահանվող բոլոր ապրանքների արժեքը զգալիորեն կբարձրանա», – ասել է Շեյնբաումը։

Նա նաև նշել է, որ Մեքսիկայի համար մաքսատուրքերից վնասը զգալի կլինի։ Շեյնբաումի խոսքով՝ Մեքսիկայի շուկայում ներկա շատ ընկերություններ ստիպված կլինեն որոշել՝ հեռանալ, թե մնալ։

«Բայց այնտեղ (ԱՄՆ-ում) նույնիսկ բավարար աշխատուժ չկա, և ամեն ինչ այնտեղ ավելի թանկ արժե», – ընդգծել է Շեյնբաումը:

Նա հավելել է, որ սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատասխանին երկու երկրների միջև աշխատանքային խումբ ստեղծելու՝ իր առաջարկի վերաբերյալ, որպեսզի այս հարցը լուծվի բանակցությունների միջոցով։

Թրամփը փետրվարի 1-ին ստորագրել է կատարողական  հրամանագիր Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։

Փաստաթղթում նշվում է, որ 25% մաքսատուրքեր են սահմանվում Մեքսիկայից և Կանադայից ներմուծման համար (10%՝ կանադական էներգառեսուրսների նկատմամբ)։ 10%-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր են սահմանվում ՉԺՀ-ից ապրանքների նկատմամբ։ Թրամփի խոսքով՝ դա արվել է «անօրինական ներգաղթյալների և մահացու թմրանյութերի լուրջ սպառնալիքի պատճառով», որոնք սպանում են ԱՄՆ քաղաքացիներին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս