Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Միլանի «Ինտերը» կարողացավ տնային խաղում խոշոր՝ 3-0 հաշվով հաղթել «Մոնակո»-ին։

Հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, 2024-ին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, վերջերս 36-ամյակը բոլորած Հենրիխ Մխիթարյանը։ Խաղի 67-րդ րոպեին Մխիթարյանը, սեփական կիսադաշտում ստանալով գնդակը, արագ սլացավ դեպի մրցակցի տուգանային հրապարակ՝ հաղթահարելով շուրջ 50 մետր տարածություն, ուժգին հարվածեց, «Մոնակո»-ի դարպասապահը ճիշտ դիրք գրավեց և փրկեց իր թիմին հայ ֆուտբոլիստի հարվածից հետո, սակայն վրա հասած Լաուտարո Մարտինեսը կարողացավ խփել իր 3-րդ գնդակը՝ հեթ-տրիկ ձևակերպելով և վերջակետ դնելով հանդիպման հաղթողի վերաբերյալ հարցին։ 

Հանդիպման ավարտից հետո Հենրիխ Մխիթարյանը խառը գոտում ժամանակ գտավ կարճ շփվելու «Արմենպրես»-ի հետ։

– Վերջին վնասվածքից հետո ինչպե՞ս է ֆիզիկական վիճակը, Հենրիխ։

– Դուք ասեք, ինչպե՞ս խաղացի (ժպտում է)։

– Կարծում եմ՝ լավ, Ձեզ հաջողվեց նաև գոլային փոխանցման հեղինակ դառնալ։ Ափսոս, գոլ խփելը չստացվեց։

– Ես էլ եմ կարծում, որ կարողացա այսօր լավ խաղալ։ Ֆիզիկական վիճակս բավարարում է ամբողջական խաղեր անցկացնելուն։ Չեմ մտաբերում, որ գոլ խփելու ռեալ պահ ունեցա։

– «Ինտերի» հետ պայմանագիրը գործում է ընթացիկ և հաջորդ մրցաշրջանների համար, այնպես չէ՞։ Այսպիսի խաղերը խոսակցությունների առիթ չե՞ն տալիս երկարաձգելու համար։

– Իրականում հնարավորություն կա պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու։ Եթե դրա ավարտին կողմերը ցանկություն ունեցան, ապա պայմանագիրն ավտոմատ մեկ մրցաշրջանով ևս կերկարաձգվի։ 

– Իսկ գուցե կարիերայի ավարտին մեկ կամ երկու տարի էլ Հայաստանում կցանկանայի՞ք խաղալ, տեղացի երկրպագուներին ուրախացնել։

–  Սա անձամբ Ձե՞զ է հետաքրքիր, թե՞ հրապարակելու եք (ժպտում է)։

– Իհարկե, հրապարակվելու է։ Բացի այդ, վերջին տարիներին հայկական թիմերը կարողանում են որոշակի հաջողությունների հասնել եվրոպական մրցասպարեզում։ Մի շարք ֆուտբոլիստներ արդեն վերադարձել են կամ վերադառնում են։ Օրինակ, վերջերս նաև Վարազդատ Հարոյանը համալրել է «Փյունիկ»-ի շարքերը…

– Ֆուտբոլում ոչինչ չի կարելի բացառել։

– Այսինքն, չե՞ք բացառում, որ կվերադառնաք խաղալու Հայաստանում։

– Չեմ բացառում։ Սա ֆուտբոլ է։ 

– Հենրիխ, «Ինտեր»-ի ֆան խանութում դժվարացել է Ձեր խաղային համարով շապիկներ գնելը։ Գիտե՞ք, թե ինչն է պատճառը։

– Կարծում եմ՝ դա լավ է։ Նշանակում է պահանջարկ կա։ Մարդիկ անընդհատ գնում են։ Վատ չեմ խաղում, այնպես չէ՞ (ժպտում է)։

– Կասեմ, որ առաջին խաղակեսում «Ինտեր»-ի կիսապաշտպաններից ամենից ցածր արդյունավետության ցուցանիշն ունեիք Opta-ում։ Գոլային փոխանցումից հետո պատկերը փոփոխվեց։

– Այսինքն, իմ խաղը դատո՞ւմ եք այդ ցուցիչների հիման վրա։ Կարծում եմ՝ այդպես ճիշտ չէ, ամբողջական չէ։ 

– Համաձայն եմ։ Ամեն դեպքում հաջողվեց ամբողջական խաղ անցկացնել, 90 և ավելի րոպե… այդպիսի անցում իրականացնել…

– Շատ ուրախ եմ դրա համար։ Գնահատված եմ զգում։

– Հաջողություն եմ մաղթում Միլանյան դերբիից առաջ։

– Շնորհակալություն։

Հարցազրույցը և լուսանկարը՝ Հարություն Ծատրյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս