
Հայաստանում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը. որոնք են ախտանշանները

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հիշեցնում է՝ գրիպը վարակիչ հիվանդություն է, որը զարգանում է բավականին արագ. ինկուբացիոն շրջանը կազմում է մի քանի ժամից մինչև երեք օր (սովորաբար՝ 1-2 օր):
Ախտանշանները կտրուկ աճում են՝ թուլություն, գլխացավ, մկանացավ, հոդացավ, աչքերում կտրող ցավեր: Այնուհետև միանում են շնչառական ուղիների ախտահարման ախտանշանները՝ հազ, կոկորդի ցավ, քթի փակվածություն:
Վարակումը տեղի է ունենում հազի, փռշտալու կամ հիվանդի հետ սերտ շփման միջոցով: Հիվանդության բռնկումները հաճախ հանդիպում են կազմակերպված կոլեկտիվներում՝ մանկապարտեզներում, դպրոցներում, աշխատավայրում:
Գրիպի ախտանշաններ են.
ջերմաստիճանի հանկարծակի բարձրացում՝ 37.5°C-ից բարձր,
չոր հազ կամ կոկորդի բորբոքում/ցավ,
գլխացավ, մկանային և հոդային ցավեր,
ընդհանուր թուլություն և անկարողություն,
լուծ, փսխում,
կտրող ցավեր/ցավեր աչքերի մեջ: