Ղազախստանում սպասում են ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքների հրապարակմանը
Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետաքննության նախնական արդյունքները կարող են հրապարակվել հաջորդ շաբաթ։ Ինչպես տեղեկանում ենք «Կազինֆորմ» գործակալությունից, այս մասին կառավարությունում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը։
Նա նշել է, որ Ղազախստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետներից բացի, հետաքննությանը միացել են նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) ներկայացուցիչները։
«ԻԿԱՕ-ի ստանդարտների համաձայն՝ ավիացիոն իշխանությունները մեկ ամսվա ընթացքում իրականացնում են ավիավթարի հետաքննություն։ Մոտ 17-18 մարդ՝ փորձագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Ադրբեջանից, Ղազախստանից։ Նախնական մասը, հուսով ենք, կհրապարակվի հաջորդ շաբաթ», – ասել է Կանատ Բոզումբաևը։
Նա հավելել է, որ ավիավթարից հետո քրեական գործ է հարուցվել։
«Բացի այդ, հարուցվել է քրեական գործ, կատարվում է բալիստիկ և պայթյունատեխնիկական փորձաքննություն։ Մեր ուժայիններն աշխատում են՝ սերտ կապ պահպանելով», – ասել է Ղազախստանի փոխվարչապետը:
Ադրբեջանական ավիաուղիների (AZAL)՝ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է 2024 թ. դեկտեմբերի 25-ին Ակտաուի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամ։
Աղետի հետևանքով 38 մարդ մահացել է, 29 մարդ ողջ է մնացել։ Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռը կործանվել է Գրոզնիի երկնքում արտաքին միջամտության հետևանքով։