Պուտինը պատրաստ է Թրամփի հետ զրույցին. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցին, Կրեմլում ամերիկյան կողմի համապատասխան ազդանշաններին են սպասում: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հորդորելով գուշակություններով չզբաղվել։
«Պուտինը պատրաստ է, մենք սպասում ենք ազդանշանների, բոլորը պատրաստ են, հետևաբար «սուրճի բաժակ նայելու» կարիք չկա», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Վլադիմիր Զելենսկին «պատրաստ է գործարքի ուղղությամբ բանակցությունների», Պեսկովը հակադարձել է, որ Ուկրաինայի առաջնորդն «ինքն իրեն արգելել է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»։
«Զելենսկին չի կարող պատրաստ լինել գործարք կնքելուն, կամ ավելի նպատակահարմար է օգտագործել «կարգավորում» բառը: Որովհետև կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է բանակցություններ վարել: Ինքը՝ Զելենսկին, իր իսկ հրամանագրով արգելել է բանակցությունները», – հայտարարել է Պեսկովը։