Պուտինը Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը և Սիրիայում տիրող իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակը Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման միջև վերջերս կնքված համաձայնագրի լույսի ներքո։ Այդ կապակցությամբ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Եգիպտոսի և մի շարք այլ երկրների միջնորդական ջանքերը՝ նպաստելու պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ՝ ընդգծելով այս երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքի անհրաժեշտությունը՝ ապահովելով նրա բոլոր քաղաքացիների օրինական իրավունքները՝ անկախ նրանց քաղաքական համոզմունքներից և էթնիկ և կրոնական պատկանելությունից։
«Մանրամասնորեն քննարկվել են առևտրատնտեսական, գյուղատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման արդի հարցերը, ինչպես նաև համատեղ խոշոր նախագծերի իրականացման ընթացքը, ներառյալ Եգիպտոսի առաջին Էլ Դաբաա ատոմակայանի կառուցումը և ռուսական արդյունաբերական գոտու ստեղծումը Սուեզի ջրանցքի տարածքում։
Ընդգծվել է ռուս-եգիպտական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման փոխադարձ շահագրգռվածությունը»,- հաղորդում է Կրեմլը: