Անկարան «բարձր է գնահատել Երևանի համագործությունն» երկու անձանց Թուրքիա արտահանձնելու հարցով

Թուրքիան «բարձր է գնահատել Հայաստանի ցուցաբերած համագործությունն» Անկարայի հետ՝ հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց Թուրքիա արտահանձնելու հարցով. այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Անկարան հիշեցրել է, որ 2025-ի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի՝ ի պատասխան Ինտերպոլի Կարմիր ծանուցման հարցման։

Կիրակի օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնեց, որ «արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ»։

Իսկ, թե ինչպես են այդ անձինք հայտնվել Հայաստանում, հայկական կողմը չի մանրամասնել։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքաիան ավելի ուշ հայտնել է, որ Էրջան Յըլմազը և Իբրահիմ Քայմակը Հայաստանից Թուրքիա են տեղափոխվել թուրքական ոստիկանության կողմից, Յըլմազը կազմակերպված հանցավոր խմբի ղեկավար է, իսկ Քայմակը՝ խմբի անդամ, նրանց Անկարայում առնվազն համապատասխանաբար 15 և 6 տարվա ազատազրկում է սպառնում։

Տեսանյութեր

Լրահոս