
TikTok-ն ԱՄՆ-ում անհասանելի է. ընկերությունը սպասում է Թրամփի որոշմանը

ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի՝ երկրում անվտանգության նկատառումներից ելնելով արգելվում է հայտնի TikTok սոցիալական ցանցի գործունեությունը, հայտնում է bbc.com-ը։
Հավելվածը բացելիս օգտատերերը տեսնում են հետևյալ հաղորդագրությունը.«TikTok-ն այս պահին անհասանելի է: ԱՄՆ-ն ընդունել է TikTok-ն արգելող օրենք։ Ցավոք, սա նշանակում է, որ առայժմ չեք կարող օգտագործել հավելվածը: Բարեբախտաբար, նախագահ Թրամփը նշել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո, կաշխատի մեզ հետ՝ TikTok-ը նորից գործարկելու նպատակով լուծում գտնելու համար»։
Նախօրեին Դոնալդ Թրամփը NBC News-ին և ABC-ին ասել էր, որ մտադիր է 90 օրով երկարաձգել TikTok-ի աշխատանքը, մինչև որ հարցին լուծում կգտնվի։ ԱՄՆ նորընտիր նախագահը խոստացել է համապատասխան հայտարարություն անել երդմնակալությունից հետո։
2024 թվականի ապրիլին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է օրենք, որը ByteDance-ին պարտավորեցնում էր հարթակը վաճառել ամերիկյան ընկերությանը։ Հակառակ դեպքում սոցցանցը պետք է արգելվի 2025 թվականի հունվարի 19-ից։ Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ TikTok-ը, որը պատկանում է չինական ընկերությանը, թույլ է տալիս Պեկինին տվյալներ հավաքել ամերիկացիների մասին և ազդել հասարակական կարծիքի վրա։
TikTok-ը բազմիցս հերքել է, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն օգտագործում է ընկերությունը՝ քարոզչությունը և չինական շահերը խթանելու համար։