Փարաքար համայնքում մարտի 31-ին ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Կառավարությունն Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում կայացրեց․ ընտրությունները նշանակված են 2025 թվականի մարտի 31-ին։

Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հունվարի 16-ի հերթական նիստի ընթացքում։  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ներկայացնելով որոշումը, հիշեցրեց, որ Փարաքար համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդը 2024 թվականի նոյեմբերի 25-ին հանդես է եկել Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր սահմանելու օրակարգով:  

«Նոյեմբերի 29-ին գումարված նիստով Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր էր սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 11-ը։

Ավագանու արտահերթ նիստով խմբակցությունների կողմից համայնքի ղեկավարի թեկնածու կամ թեկնածուներ չեն առաջադրվել։ Գործող կարգավորումներով՝ համապատասխան արձանագրությունից հետո երկշաբաթյա ժամկետում Կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ պետք է ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և միաժամանակ նոր արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում կայացնի»,-նշեց Խուդաթյանը։ 

Նախարարը հավելեց, որ հիմա կառավարությունը որոշում է ընդունում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասով։  Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք Փարաքարում առաջանալո՞ւ է համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հարց՝ Խուդաթյանը դրական պատասխան տվեց։  «Ունենալու ենք՝ պայմանավորված այն հանգամանքով, որ համայնքի ղեկավար ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ չկա:

Գործող կարգավորումներով՝ այնտեղ կառավարման բարդություններ ունենք, որովհետև ամբողջական ծավալով տեղակալը չի կարողանում փոխարինել համայնքի ղեկավարին: Փաստացի, համայնքային կյանքը դրա արդյունքում տուժում է: Համայնքի ղեկավարի միակ տեղակալը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում, սահմանված կարգով ընթացք է տրվում դիմումին, և առաջիկայում պիտի այնտեղ իրավիճակը հաղթահարելու համար համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակենք»,-նշեց ՏԿԵ նախարարը:

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ արդեն երկրորդ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացնում է նախնական քվեարկություն, որի արդյունքները  քննարկվել և գնահատվել են շատ դրական։  «Ես ուզում եմ ընդգծել, որ այսպիսով, իմ կարծիքով՝ ժողովրդավարական ևս մի շատ կարևոր ինստիտուտ է կայանում Հայաստանում, հետևաբար նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար», նշեց Փաշինյանը:

Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին մասնակցել են Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:  Նախնական ընտրությունների արդյունքներով 594 ձայնով հաղթել է Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Մինչ այդ  նախնական ընտրությունների արդյունքներով նաև Գյումրիում էր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել։ Գյումրիում կայացած նախնական ընտրությունների արդյունքներով հաղթել էր Սարիկ Մինասյանը, ով այժմ կատարում է համայնքի ղեկավարի պարտականությունները։ 

Տեսանյութեր

Լրահոս