Իսրայելցի զինվորների ավելի քան 800 ծնողներ Նեթանյահուին մեղադրում են իրենց երեխաների կյանքը վտանգելու մեջ
Իսրայելի պաշտպանության բանակի՝ Գազայում մարտնչող ժամկետային զինծառայողների և պահեստազորի ավելի քան 800 ծնողներ, բաց նամակ են հղել՝ մեղադրելով վարչապետ Բենիամին Նեթանյահուին իրենց երեխաների կյանքը անպատասխանատու և անհիմն վտանգելու մեջ և պահանջում են բանակցել պատերազմի ավարտի մասին՝ հայտնում է Times of Israel-ը։
Իսրայելի վարչապետին ուղղված նամակում հարազատները մեղադրում են նրան «առանց սահմանների պատերազմ վարելու մեջ, ինչը նման չէ մեր պատմության որևէ դրվագի, բացառապես ձեր քաղաքական գոյատևման շահերից ելնելով»։
«Մեր տղաներն ու դուստրերը մտել են անխուսափելի պատերազմի մեջ, որը բաժին հասավ մեզ ձեր գործողությունների արդյունքում։ Նրանք բազմաթիվ ընկերներ են կորցրել և շարունակում են մահանալ ու վնասվածքներ ստանալ՝ թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական»,- նշվում է բաց նամակում։
Իրենց նամակում իսրայելցի զինվորների ծնողները նշում են, որ զորքերը առաջնորդվել են հայտարարված ռազմական նպատակներով՝ «առաջին հերթին պատանդների վերադարձ»։
Բայց հիմա, ավելի քան մեկ տարի անց, նրանք պնդում են, որ դրան հասնելու միակ ճանապարհը ՀԱՄԱՍ-ի հետ գործարք կնքելն է՝ պնդելով, որ պատերազմը ձգձգվում է աննպատակ, և որ Իսրայելի պաշտպանության բանակը «Գազայում մնալու այլ պատճառ չունի, քան այնտեղ բնակություն հաստատելու մեսիական ցանկություններն իրականացնելը»:
«Մենք ձեզ մեղադրում ենք պատանդներին ու զինվորներին լքելու մեջ»,- գրել են զինվորների ծնողները՝ Նեթանյահուին սպառնալով «համատարած պայքարով»։