ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ու ԱՄՆ դեսպանը վերահաստատել են պատրաստակամությունը համագործակցելու ուղղությամբ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկանում ենք ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Արթուր Պողոսյանը կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը և համակարգին ցուցաբերված աջակցությունը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը շնորհավորել է Քննչական կոմիտեի նախագահին նշանակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար:
Դեսպանն իր խոսքում նույնպես կարևորել է Քննչական կոմիտեի հետ ունեցած ակտիվ գործընկերությունը և վստահություն հայտնել, որ այդ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:
Զրույցի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների ջանքերի համատեղմանը: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ դեսպանատան կողմից ցուցաբերված աջակցության շրջանակներում կազմակերպված Քննչական կոմիտեի ծառայողների մասնագիտական ունակությունների զարգացմանն ուղղված տարբեր դասընթացների, վերապատրաստումների արդյունավետությանը:
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել իրավական փոխօգնության ոլորտում արագ արձագանքելու համար և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը միմյանց հետ համագործակցելու ուղղությամբ: