Դամասկոսի օդանավակայանը միջազգային չվերթների սպասարկումը կսկսի հունվարի 7-ից
Դամասկոսի միջազգային օդանավակայանը կարող է սկսել կանոնավոր միջազգային չվերթների սպասարկումը հունվարի 7-ին տեղական ժամանակով ժամը 08:00-ից հետո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Դամասկոսի թռիչքային տեղեկատվական շրջանի վերահսկողական ծառայությանը։
«Թռիչքների սպասարկման սահմանափակումները, որոնք պահանջում են երկրի ավիացիոն իշխանությունների հատուկ թույլտվությունը, կդադարեն գործել հունվարի 7-ին տեղական ժամանակով ժամը 08:00-ից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ երկրի քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի վարչության ղեկավարը հայտնել էր, որ Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կսկսի ընդունել միջազգային թռիչքներ։ Դիսպետչերական ծառայությունից պարզաբանել են նաև, որ մինչև հունվարի 20-ը օդանավակայանում փակ են մեկ երթուղի և ինքնաթիռի կանգառներից մեկը։