Ավինյանի 150.000 դրամանոց լացը
Դատարանը հիմնավոր չի համարել, որ Տիգրան Ավինյանն ի վիճակի չէ պետական տուրք վճարել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ ընդդեմ «Սիվիլնեթ» լրատվամիջոցի։ Քաղաքապետը չի վճարել 150 000 դրամ պետական տուրքը՝ պատճառաբանելով, թե մեծ գումար է։ Ավինյանը հայցադիմումին կից ներկայացրել էր նաև պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը, գրում է «Հետքը»:
«Տվյալ պարագայում սույն հայցադիմումով վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 150.000 ՀՀ դրամ, որը բավականին մեծ գումար է, և իմ կողմից այն հայցադիմումը ներկայացնելու պահին վճարելու պարագայում ֆինանսական առումով էական անհարմարություններ կպատճառի ինձ և իմ ընտանիքին, և այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով՝ ես փաստացի զրկված կլինեմ իմ ֆինանսական միջոցները իմ հայեցողությամբ տնօրինելու իրավունքից», – նշված է Տիգրան Ավինյանի միջնորդության մեջ։
Դատարանն այս պատճառաբանությունը բավարար չի համարել միջնորդությունը հիմնավոր համարելու համար։ Գտել է, որ Տ․ Ավինյանը պարտավոր է ներկայացնել նվազագույն ապացույցներ, որոնք կփաստեն այդ հնարավորության բացակայության հանգամանքը:
«Այսինքն, պետական տուրքի վճարման արտոնություն կիրառելու միջնորդությունը պետք է հիմնավորել գույքային կամ ֆինանսական դրության վերաբերյալ համապատասխան ապացույցներով, ինչի պարագայում միայն միջնորդությունը կարող է բավարարվել»,-նշված է դատարանի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «ՍիվիլՆեթ» լրատվամիջոցի: Տ. Ավինյանը լրատվամիջոցից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցում վճարել: Երևանի քաղաքապետարանից չեն պարզաբանում, թե որքան գումար է պահանջում քաղաքապետ Ավինյանը «ՍիվիլՆեթից»:
Տիգրան Ավինյանին վրդովեցրել է «ՍիվիլՆեթի» նոյեմբերի 13-ի հետաքննությունն այն մասին, որ 2018-ի հեղափոխությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից Տիգրան Ավինյանին հասցրել է քաղաքական իշխանության բարձունքի։ Ավինյանը, որն այդ ժամանակ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ էր, դարձել է Հայաստանի փոխվարչապետ։ Նրա քաղաքական կարիերայի աճն ուղեկցվել է ընտանիքի հետ կապված բիզնեսի բարգավաճմամբ, այդ թվում՝ պետական ծրագրերից անուղղակի օգուտներ ստանալու միջոցով։ ՍիվիլՆեթը և OCCRP-ն (Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագիծ) համատեղ հետաքննությամբ պարզել են, որ այդ ծրագրերը Ավինյանի համակարգման տիրույթում են եղել և դրանց վերաբերյալ քննարկումները համակարգել է ինքը՝ փոխվարչապետ Ավինյանը: