Մատվիենկոն համոզված է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կսկսվեն 2025 թվականին
Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կսկսվեն հաջորդ տարի:
Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
«Ես կրկին իմ տեսակետն եմ հայտնում: Իհարկե, հաջորդ տարի կսկսվի բանակցային գործընթացը, անպայման: Բայց բանակցային գործընթացն, իմ կարծիքով, շատ դժվար է լինելու: Ցանկացած բանակցություններում հարկավոր է փոխզիջումներ փնտրել, բայց Ռուսաստանի կողմից հնչեցված հիմնական պայմանների խստիվ պահպանմամբ», – Մատվիենկոյի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Նա նշել է, որ «ստամբուլյան պայմանավորվածություններում, որոնք ձախողվեցին, ամրագրված է մեր մոտեցումների հիմքը, բազան»։
«Մենք ամենևին չենք զիջի: Մնացած ամեն բան մենք կարող ենք քննարկել երկխոսության ժամանակ, փոխզիջումներ փնտրել: Եվ մենք քանիցս ասել ենք, որ ցանկացած պահի մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ, բայց այն, ինչ անցել ենք Մինսկի համաձայնագրերի հետ, այլևս չի կրկնվի», – ասել է Դաշնային խորհրդի խոսնակը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ քանի դեռ բանակցություններին «Ուկրաինայի պատրաստակամության առումով ոչ մի առաջընթաց չկա», Ռուսաստանը շարունակում է «հատուկ ռազմական գործողությունը»։