Սուրիկ Խաչատրյանի որդին կալանքից ազատվել է

ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվել է այլընտրանքային խափանման միջոցով։

Տեղեկությունը հայտնում է փաստաբան Վահագն Քեշիշյանը։

«Սյունիքի մարզի դատարանի դատավոր Վ. Մելքոնյանի որոշմամբ, Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվեց այլընտրանքային խափանման միջոցով»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ 2023 թ. հունիսի 19-ին Խաչատրյանն իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել էր ավտոտեխսպասարկման կետ, որտեղ հիշյալ հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքից դրդված, խուլիգանական դրդումներով, վիճաբանություն էր հրահրել աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։

Ապա, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց էր արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող վերոնշյալ մարմնական վնասվածքը և հեռացել դեպքի վայրից, որից հետո կալանավորվել էր:

Տեսանյութեր

Լրահոս