Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել հիշատակի և մեծարման երեկո՝ նվիրված Անրի Վերնոյին

Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված համաշխարհային կինոյի մեծանուն վարպետ Անրի Վերնոյին:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ միջոցառման կազմակերպման առիթ է հանդիսացել ֆրանսիացի հեղինակներ Ֆիլիպ Սիշլեի և Լորան Բենիայեյի համահեղինակած «Անրի Վերնոյի պատմությունները» գրքի շնորհանդեսը:

Ընդգծվում է, որ այդ արժեքավոր աշխատությունը ներկայացնում է Անրի Վերնոյի բացառիկ կյանքն ու ստեղծագործական ուղին՝ որպես հարգանքի տուրք նրա արվեստին և թողած ժառանգությանը: Գիրքն առանձնանում է իր խորքային ուսումնասիրություններով և ոգեշնչող պատկերացումներով՝ ընդգծելով հանճարեղ կինոռեժիսորի գործը, ով կարողացավ հաղթահարել մշակութային սահմանները և ստեղծել համամարդկային արժեքներով հագեցած անմոռանալի պատմություններ:

Կինոյի և մշակույթի սիրահարները հավաքվել էին Մարսելում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում՝ վերստին արժևորելու և վերապրելու Վերնոյի անգնահատելի ժառանգությունը:

Վերնոյի ամենատպավորիչ և հատկապես հայ հանդիսատեսին հոգեհարազատ ֆիլմի՝ «Մայրիկ»-ի  դերասան Ժակի Ներսեսյանն իր ելույթում նշեց, որ Վերնոյի հետ աշխատելը ոչ թե պարզապես դեր էր, այլ կյանքի երազանքի իրականացում: Ներսեսյանը մանրամասներ ներկայացրեց նաև նկարահանման հետաքրքիր գործընթացից՝ հիշելով նաև ֆիլմի պրեմիերան Մարսելի օպերային թատրոնում: Միջոցառմանը հատուկ հյուրի կարգավիճակով ներկա էր Փարիզից ժամանած գրքի համահեղինակ Ֆիլիպ Սիշլեն:

Իր ելույթում Սիշլեն պատմեց Անրի Վերնոյի կյանքի ու գործունեության վերաբերյալ իր գրչակցի հետ կատարած խորքային ուսումնասիրություններն՝ ընդգծելով մեծ վարպետի ստեղծագործական ժառանգության բացառիկ նշանակությունը համաշխարհային կինոյում:

Տեսանյութեր

Լրահոս