Հայաստանը թրքացնելու 4 մակարդակ է պլանավորած. Արմեն Ռուստամյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի ելույթը՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովում։
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունները վերաբերում են մեր ժողովրդի համար կեսական նշանակության հարցերին եւ իրենց բնույթով դուրս են զուտ երկկողմանի ձեւաչափից, ունեն ավելի լայն տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական տարողություն:
Սպառնալի՞ք է դա, թե՞ հնարավորություն՝ կախված է նրանից , թե որքանով ենք կարողանում բացառել Հայոց պետականության եւ հայ ժողովրդի շահերը, լինելիությունն ու առաջընթացը վտանգող զիջումները եւ պաշտպանել մեր անժամանցելի իրավունքները:
Ակնհայտ է, որ Թուրքիան ոչ այնքան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որքան այդ գործընթացը օգտագործել իր եւ Ադրբեջանի պահանջները բավարարելու համար:
Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի նկատմամաբ վարում են էթնիկ ազգակցության եւ ուժի կիրառման սպառնալիքի վրա կառուցված քաղաքականություն՝ ՙՇուշիի հռչակագրով՚ ամրագրված հակահայկական նպատակներին ու պանթուրանական ծրագրերին համահունչ:
Այս ռազմավարության բուն իմաստը ՙՄեծ Թուրանի՚ գաղափարով թուրքալեզու երկրների համախմբումն է, իսկ աշխարհաքաղաքական այդ տարածքում գտնվող մյուս երկրների թուրքացումն է՝ այսպես կոչված ՙփափուկ ուժի՚ մարտավարության միջոցով:
Հետեւողականորեն շարժվելով այդ ռազմավարությամբ՝ թուրք- ադրբեջանական տանդեմը արդեն հասցրել է հայաթափել Արցախը եւ պատրաստում է հայ ժողովրդի հայրենազրկումն ու Հայաստանի թուրքացումը:
Թուրքացումը ինչ-որ գեղարվեստական արտահայտություն չէ, այլ կոնկրետ նշանակում է Թուրքիայից Հայաստանի քաղաքական անվտանգային, տնտեսական եւ ընդհանրապես բազմամակարդակ եւ բազմաբնույթ կախվածության վիճակ: Սա այն է, երբ Հայաստանը կենսական զիջումների արդյունքում վերածվում է իրավական առումով առերեւույթ գոյություն ունեցող, սակայն փաստացի Թուրքիայից լիովին կախյալ, կցորդ միավորի՝ շատ բանով նման Աջարիային:
Թուրքացումն իհարկե մեկ օրում չի կատարվելու, այլ դրսեւորվելու է հանգրվանային կենսական զիջումների, ի հայտ գալով հիմնականում չորս մակարդակներում՝ աշխարհաքաղաքական, իրավաքաղաքական, տնտեսական եւ հոգեւոր, մշակութային, տեղեկատվական, կրթական:
Աշխարհաքաղաքականը, երբ ինքնիշխանության սահմանափակումների եւ տարածքային զիջումների հետեւանքով Հայաստանը կորցնի իր աշխարհաքաղաքական նշանակությունը:
Իրավաքաղաքական մակարդակում, երբ չեղարկվեն մեր համազգային իղձերն ու նպատակներն ամրագրող փաստաթղթերը եւ իրավապայմանագրային հաստատում ստանա սերունդների իրավունքներից մեր հրաժարումը:
Տնտեսական մակարդակում, երբ տեղի ունենա թուրքական կապիտալի եւ տնտեսության ներխուժմամբ Հայաստանի տնտեսության մասնակի կամ ամբողջական կլանում:
Հոգեւոր մշակութային, տեղեկատվական եւ կրթական մակարդակներում, երբ խաթարվի հոգեւոր-մշակութային եւ գիտակրթական անվտանգությունը եւ տեղի ունենա ազգային ինքնության ու արժեհամակարգի աստիճանական արժեզրկում:
Այս պայմաններում, երբ էթնիկ ազգակցությամբ նույնացած Թուրքիան եւ Ադրբեջանը հանդես են գալիս մեզանից կենսական զիջումներ պահանջող վերջնագրերով, պաշտոնական Երեւանի ամեն գնով խաղաղության հասնելու ձգտումները միայն մի դեպքում կարող են իրականություն դառնալ՝ թուրք-ադրբեջանական պահանջները ամբողջությամբ բավարարելու պարագայում:
Եվ բոլորովին պատահական չէ, որ այս իշխանությունները ձեռնամուխ են եղել այդ պահանջները հիմնավորելուն եւ կատարելուն:
Փաստացի այս վարչախումբը լծվել է թուրք-ադրբեջանական շահերը պաշտպանելու գործին, որովհետեւ այլ կերպ չի պատկերացնում հաշտեցումը նրանց հետ:
Սրա ամենավերջին վկայություններից մեկը, Փաշինյանի ինքնաբացահայտումն էր, կապված անկախության հռչակագրի վերաբերյալ իր համոզումների հետ:
Ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է, որ մեր հիմնարար փաստաթուղթը մեր պետություն չունենալու մասին է, քանի որ այն կոնֆլիկտներ է առաջացնում հարեւանների հետ: Իսկ քանի որ հայ ժողովուրդը իր շահերն ու իղձերն է արտացոլել այդ փաստաթղթի մեջ, ուրեմն ըստ այդ անձի մեր շահերը պաշտպանելը սպառնալիք է մեր գյությանը, որովհետեւ դրանք կոնֆլիկտածին են:
Ուստի իր ենթադրյալ լուծումը մեկն է՝ հրաժարվել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խնդիր առաջացնող մեր շահերից եւ այդպիսով ազատվել նրանց հետ ունեցած կոնֆլիկտներից:
Սա է իր խաղաղության բանաձեւը: Սակայն ինչպես ասում են ՙշան գլուխը հենց այստեղ է թաղված՚, որովհետեւ հարցերի հարցն իրականում հետեւյալն է. Կոնֆլիկտը արդյոք միայն մեր շահերը ձեակերպելու հետ է կապված, որը դիմացինը փորձում է ներկայացնել որպես ոտնձգություն իր նկատմամբ, թե հենց մեր հայկական ինքնության, որի պահպանման բնական մղումից ինքնին ծագում են թե մեր արդար եւ անօտարելի իրավունքները եւ թե մեր տեսակի հարատեւությունն ապահովող կենսական շահերը:
Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հենց մեր ազգային, կրոնական, մշակութային ինքնատիպությունն է, որ միշտ անընդունելի եւ վտանգավոր է համարվել թուրք- ադրբեջանական տանդեմի համար: Եվ այդ կոնֆլիկտի լուծումն էլ նրանք տեսել են հայի ու ամեն հայկականի վերացման միջոցով: Սա է կատարվել Արեւմտյան Հայաստանում եւ կատարվում է հիմա բռնազավթված Արցախում, որտեղ հետեւողականորեն վերացվում է ամեն հայկական հետք:
Հետեւաբար, մեր անժամանցելի իրավունքներից եւ կենսական շահերից հրաժարվելու՝ թե դրսից պարտադրվող, թե ներսից քաջալերվող գործընթացը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր ինքնությունը ոչնչացնելու դավադիր ծրագիր:
Միայն թե այս վարչախմբի ասածը եւ արածը եթե պատկերավոր ձեւակերպենք հետեւյալն է՝. ՙԵթե ընդդիմանանք՝ միեւնույնն է մեր ինքնությունը անկարող ենք պահել, ավելի լավ է դրանից ինքներս ազատվենք ավելի անցավ եղանակով՝ էֆթանազիայի միջոցով:
Այս տրամաբանությամբ, թե դրսից, թե ներսից տեղի է ունենում մեր արդար իրավունքների եւ պահանջների նախ չեզոքացում՝ դրանց իբր անիրատեսական եւ դիմացինի կողմից հակադարձելի լինելու հիմնավորումներով, ապա նաեւ դրանցից իսպառ հրաժարում՝ հանուն կարծեցյալ հաշտեցման:
Այս ամենը արդեն ընթացքի մեջ է, մասնավորապես.
արցախահայության վերադարձին հակադրում են ադրբեջանցիների վերադարձով, Արեւմտյան Հայասատանը համեմատվում եւ նույնացվում է Արեւմտյան Ադրբեջանի հետ, հաջորդ զուգահեռը չի բացառվում, որ տարվի Հայոց ցեղասպանության եւ Խոջալուի եւ այլ տեղերում իբր ադրբեջանցիների ցեղասպանության միջեւ եւ այսպես շարունակ:
Խորքային իմաստով սա հենց թուրքացումն է գործողության մեջ: Ուստի դժվար չէ կռահել, թե մոտավորապես ինչ այսպես կոչված ՙռազմավարական գործարք՚ կարող էր առաջարկել Փաշինյանն Ալիեւին: Ամենայն հավանականությամբ դրա վերջնարդյունքը Հարավային Կովկասում քիրվայության եւ էթնիկ համակեցության քողի տակ ձեւավորված թուրքական տան մեջ այս տարածաշրջանի երեք պետությունների միավորումն է:
Կասկածից վեր է, որ այս վարչախմբի փառաբանած խաղաղության երաշխավորը Թուրքիան է լինելու: Քանզի հենց Թուրքիան է այսօր ստեղծված աշխարհաքաղաքական վերադասավորումներից օգտվելով հավակնում դառնալ տարածաշրջանային նոր անվտանգության համակարգի գլխավոր ճարտարապետը:
Ըստ այդմ, նկատի ունենալով, մի կողմից Թուրքիայի ակնկալիքները հասնելու իրենց բնույթով հակահայկական վերոնշյալ նպատակների իրագործումը, մյուս կողմից՝ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու գործընթացում մեր ազգային պետական շահերի գերակայությունը, անհրաժեշտ է առաջնորդվել կենսական զիջումները բացառող եւ հայության հավաքական կամքն արտահայտող նպատակադրումներով:
Առ այդ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով՝ որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը: Հետագա հարաբերությունները պետք է կառուցվեն համաձայն հետեւյալ հիմնարար սկզբունքների.
1.Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը՝ նախատեսվող պարտավորությունների ստանձման եւ դրանց կատարման ուղղությամբ, անհրաժեշտաբար պետք է ներդաշնակ լինեն Հայաստանի Հանրապետության եւ Սահմանադրական դատարանի 12.01.2010թ. որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին:
2.Հայաստան -Թուրքիա հարաբերություններում բացառել որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման ու Ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր մշակութային ժառանգության կրողը լինելու նրա իրավունքը:
3.Առաջնորդվել Հայաստանի եւ Սփյուռքի միասնական կամքով՝ Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում:
4.Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը չի կարող ուղղակի կամ անուղղակի պայմանավորվել եւ ծառայեցվել Ադրբեջանի պահանջների բավարարմանը եւ թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական ու պանթուրանական ծրագրերի իրագործմանը:
5. Հայաստանի Հնրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա պետք է նպաստի Թուրքիայում հայոց լեզվի, հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը:
Այս կետերը արձանագրելով միաժամանակ ինչ անելու եւ ինչ չանելու առաջադրանքները, ըստ էության սահմանում են այն կարմիր գծերը, որոնք ուրվագծում են մեր կենսական շահերի հստակ շրջանակը:
Կարմիր գծեր, որոնց անտեսումը անմիջական սպառնալիք է ոչ միայն ազգի, այեւ անհատի՝ որպես հայի լինելիության համար:
Այսպիսով ջրբաժանն այսօր ինչպես միշտ անցնում է նույն տեղով՝ ազգային թե ապազգային է երկրի պետական ուղեգիծը: Իսկ այս երկուսի տարբերությունն էլ ի հայտ է գալիս պարզ հարցադրման միջոցով՝ պահվում, թե չեն պահվում այս կարմիր գծերը:
Ազգայինի համար կարմիր գծերը կոչված են երաշխավորելու հայ ազգի տեսակի եւ ինքնության հարատեւումը: Իսկ ազգային ինքնությունը կորցրած անհատը այլեւս չի ապրում իրեն հարազատ բնական միջավայրում, ոչ էլ մաս է կազմում իր ազգի հավերժական երթին:
Եվ ուրեմն հայ ազգը ունի ապագա առանց կործանարար զիջումների եւ չունի ապագա այդպիսի զիջումներով: