ՀԱՊԿ-ը նոր իրողություններին համապատասխանեցվելու խնդիր ունի. Արա Այվազյան
«ՀՀ-ն և ՌԴ-ն՝ տարածաշրջանային և գլոբալ վերաձևավորման պայմաններում. դասեր և ռազմավարական ընտրություն» թեմայով դիվանագետների խորհրդի ու МГИМО-ի գիտաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանմ ասաց, որ համաշխարհային կարգի փլուզման պայմաններում միջպետական հարաբերությունների որոշիչ գործոն է դարձել ուժային քաղաքականությունը, և ՀԱՊԿ-ը պետք է ադապտացվի ներկա իրավիճակին:
«ՀԱՊԿ-ը կարիք ունի հարմարվելու ներկա իրողություններին։ Հավաքական անվտանգության բուն սկզբունքը չի կարող օպերատիվ և արդյունավետ կերպով համահարթեցնել ժամանակակից մարտահրավերները, քանի որ երկրները յուրովի են մեկնաբանում անվտանգության սպառնալիքների մակարդակը և համապատասխան որոշումներ կայացնում»,- նշեց Այվազյանը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը, հազարավոր արցախցիների բռնագաղթը, էթնիկ զտումները, ինչպես նաև հենց Հայաստանի դեմ սկսված պատերազմը, հետզհետե մեր երկու երկրները հեռացրել են իրարից:
Նրա պնդմամբ՝ պետք է ողջ ուշադրությունը սևեռել անվտանգության քաղաքականության վրա և նպաստել, որպեսզի էքզիստենցիալ սպառնալիքները չեզոքացվեն: