Մխիթարյանը ճանաչվել է «Ինտեր»-«Պարմա» հանդիպման լավագույն խաղացող
Իտալիայի առաջնության 15-րդ տուրի «Ինտեր»-«Պարմա» հանդիպման (3:1) լավագույն խաղացող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
35-ամյա կիսապաշտպանը երկու անգամ գոլային փոխանցում է կատարել խաղընկերներին «Պարմայի» դեմ խաղում՝ նպաստելով միլանյան գրանդի հաղթանակին։
«Կարևոր հաղթանակ էր։ Ես վիճակագրությանն ուշադրություն չեմ դարձնում, դա անում էի, երբ այլ դերում էի խաղում։ Հիմա խաղում եմ այլ դերում, և կարևորն այն է, որ շարունակենք մեր ճանապարհը։ Այսօր մենք ցույց տվեցինք մեր բոլոր որակները։ Մեզ դուր է գալիս խաղալ 3-4 օրը մեկ։ Մենք ունենք լայն կազմ, որը կարող է մեզ օգնել, և դա մեզ դուր է գալիս»,- ասել է Մխիթարյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «օձերի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։