Սիրիայի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են 400 զինյալի
Վերջին մի քանի ժամվա ընթացքում սիրիական զորքերը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ ոչնչացրել են ավելի քան 400 զինյալի, այդ թվում՝ օտարերկրյա վարձկանների։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սիրիայի բարձրագույն հրամանատարության հայտարարությունը:
«Վերջին ժամերի ընթացքում մեր ուժերի և բարեկամ ռուսական ուժերի համատեղ իրականացրած ճշգրիտ հարվածների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 400 ահաբեկիչ, այդ թվում՝ օտարերկրացիներ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում սիրիացի զինվորականները հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերին և նրանց մատակարարման ուղիներին Հալեպի և Իդլիբի նահանգներում՝ ոչնչացնելով հինգ շտաբ և զինամթերքի ու անօդաչու թռչող սարքերի յոթ պահեստ:
Նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ին (նախկինում՝ Ջաբհաթ ան Նուսրա) պատկանող խմբավորումները խախտել են ապաէսկալացման համաձայնագիրը և հարձակվել Հալեպ և Իդլիբ նահանգների վրա։ Նրանք գրոհել են բնակավայրերն ու զինվորականների դիրքերը, իսկ նոյեմբերի 29-ին լայնածավալ գործողություն են սկսել՝ շարժվելով դեպի Հալեպ ու Համա։
Նոյեմբերի 30-ին գրոհայինների վերահսկողության տակ է անցել Հալեպը և նրա շրջակայքը, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը և Քուվեյրիս ռազմական օդանավակայանը։
Գրոհայիններին առաջին անգամ է հաջողվել ամբողջությամբ գրավել Հալեպը 2011 թվականին Սիրիայում ճգնաժամի սկզբից ի վեր։ Մինչև 2016 թվականի վերջը զինված ընդդիմությունը վերահսկում էր քաղաքի միայն արևելյան հատվածը, սակայն սիրիական բանակը օդատիեզերական ուժերի աջակցությամբ դուրս մղեց նրանց այնտեղից։
Հալեպի գրավումից հետո զինյալները փորձել են առաջ շարժվել դեպի Համա քաղաք՝ գրավելով Մաարեթ Նուման բնակավայրը, իսկ նահանգի հյուսիսում՝ Թել Ռիֆաթ շրջանում, նրան փորձել են շարժվել քրդական ուժերի կողմից վերահսկվող տարածքների խորքը։
Սիրիական զորքերը պատասխանել են գրոհին, ինչի հետևանքով գրոհայինները կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ են կրել։ Ինչպես հայտարարել է Սիրիայի բանակի հրամանատարությունը, դեկտեմբերի 1-ին Համայում ահաբեկիչների առաջխաղացումը կասեցվել է, և կառավարական զորքերն անցել են հակահարձակման՝ ազատագրելով գրավված որոշ բնակավայրեր։