Գվինեայում ֆուտբոլային մարզադաշտում հրմշտոցի հետևանքով 56 մարդ է զոհվել
Գվինեայի հարավում ֆուտբոլի մարզադաշտում հրմշտոցի հետևանքով 56 մարդ է զոհվել, որոնց թվում կան նաև երեխաներ։ Հրմշտոցին նախորդել էին բախումներ երկրպագուների միջև։
Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Երկրի իշխանությունները հետաքննություն են վարում հրմշտոցի մեղավորներին գտնելու համար։
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ի ցերեկը Նզերեկորե քաղաքում, Նզերեկորեի և Լաբեի հավաքականների միջև ֆուտբոլային խաղի եզրափակչում։
Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ անվտանգության ուժերը փորձել են արցունքաբեր գազ օգտագործել հասարակական կարգը վերականգնելու համար, երբ տուգանային հարվածից հետո քաոսային իրավիճակ է ստեղծվել։
Երկրպագուները սկսել են քարեր նետել, անվտանգության ուժերն արձագանքել են արցունքաբեր գազով։ Երկրպագուները մտել են խաղադաշտ, սկսվել են բախումներ։ Մարդիկ փորձել են փախչել մարզադաշտից, նրանցից շատերը ցատկել են բարձր ցանկապատի վրայով։
Զինվորականները ղեկավարում են Արևմտյան Աֆրիկայում գտնվող Գվինեան 2021 թվականից ի վեր, երբ զինվորները պաշտոնանկ արեցին նախագահ Ալֆա Կոնդեին։