ՀՀ կառավարությունը սերտ համագործակցություն է ակնկալում Եվրահանձնաժողովի նոր կազմի հետ. Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին՝ Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորման առթիվ: Փաշինյանն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:
«Շնորհավորում եմ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորման առթիվ։ Հայաստանի կառավարությունն ակնկալում է Եվրահանձնաժողովի հետ սերտ համագործակցություն՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,-գրել է վարչապետը:
Եվրախորհրդարանի պատգամավորները նոյեմբերի 27-ին քվեարկել էին Եվրահանձնաժողովի նոր կազմի հաստատման օգտին: Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվել են ԵՄ անդամ պետությունների կողմից առաջարկված և ավելի վաղ Եվրախորհրդարանի հանձնաժողովների կողմից համաձայնեցված բոլոր թեկնածությունները։
ԵՄ գործադիր խորհրդի նոր կազմի հաստատման օգտին քվեարկել է 370 եվրապատգամավոր, «դեմ»՝ 282-ը, 36 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։
Նոր Եվրահանձնաժողովը, որը բաղկացած է 27 անդամից, իր լիազորությունները ստանձնել է դեկտեմբերի 1-ից։