Սերբիան հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները՝ կապված Կոսովո և Մետոքիայում ջրատարի պայթյունի հետ
Սերբիան խստորեն դատապարտում է նոյեմբերի 29-ին Իբար-Լեպենացի ջրանցքի վրա տեղի ունեցած հարձակումը և մերժում է բոլոր անհիմն մեղադրանքները, որ հարձակումից հետո հնչել են Բելգրադի հասցեին։
Այս մասին հայտնել են Հայաստանում Սերբիայի դեսպանատնից։
Ըստ հաղորդագրության՝ Սերբիան պահանջում է, որ այս անխոհեմ հարձակման մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։
«Բոլոր կողմերին կոչ ենք անում խուսափել ժամանակից շուտ մեղավորներին մատնանշելուց և փոխարենը կենտրոնանալ տարածաշրջանում հետագա ապակայունացումը կանխելու հավաքական ջանքերի վրա։
Սերբիան հանդես է գալիս համագործակցության, ոչ թե պառակտման օգտին», – հայտնել են դեսպանատնից։Հայտարարության մեջ ընդգծվում է, որ մեղավորներին գտնելու և նրանց արդարադատության առջև կանգնեցնելու համար կարևոր է ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ գործող միջազգային ուժերի (KFOR) և Կոսովոյում Եվրամիության քաղաքացիական հատուկ առաքելության (EULEX) հետ համագործակցությունը։
«Միջադեպը չպետք է օգտագործվի որպես հիմնավորում Կոսովո և Մետոքիայի հյուսիսում, այսպես կոչված, Կոսովոյի անվտանգության ուժերի ներկայությունը մեծացնելու, և ոչ էլ տեղի սերբերի դեմ որևէ բռնաճնշում իրականացնելու համար, քանի որ դա է՛լ ավելի կապակայունացնի իրավիճակը», – նշված է հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի 1-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ երկիրը ենթարկվել է շատ լուրջ և մասշտաբային հիբրիդային հարձակման, և շեշտել էր, որ Բելգրադը պայթյունի հետ որևէ առնչություն չունի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոսովո և Մետոքիայի հյուսիսում ջրատարի պայթյունի պատճառով կարող են էլեկտրականության անջատումներ լինել։ Կոսովոյի իշխանությունները տեղի ունեցածի մեջ մեղադրել էին Սերբիային։
Իբար-Լեպենացի ջրանցքը կարևոր ջրային ուղի է, որն էական նշանակություն ունի էլեկտրաէներգիայի արտադրության, գյուղատնտեսության, խմելու ջրի և, ընդհանուր առմամբ, դրանից կախված համայնքների բարեկեցության համար։