ՊՊԳՎ ծառայողը հափշտակել է ստորաբաժանման կարիքների համար հատկացված շուրջ 21 հազար լիտր բենզին
Պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումներից մեկի ծառայողը հափշտակել է ստորաբաժանման կարիքների համար հատկացված շուրջ 21 հազար լիտր բենզին։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ու ազգային անվտանգության ծառայության համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումներից մեկի պատասխանատու ծառայողը 2020 թ. սկզբից մինչև 2024 թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում հափշտակել է հիշյալ ստորաբաժանման կարիքների համար հատկացված և իրեն վստահված մոտ 18 հազարից 21 հազար լիտր բենզինը, որի մի մասը կտրոնների տեսքով վաճառել է, մի մասով լիցքավորել անձնական մեքենան»,- նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ հետևողական է կոռուպցիոն դրսևորումների բացահայտման հարցում և օրինական դաշտում գործելուց ցանկացած շեղում արժանանալու է խիստ արձագանքի: