Էրդողանը կարող է 3-րդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է 3-րդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում. ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել նրա ավագ խորհրդական Մեհմեթ Ուչումը:

«Եթե խորհրդարանը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնել գործող նախագահի կառավարման 2-րդ ժամկետում, ապա նախագահը կարող է կրկին թեկնածու լինել՝ համաձայն Սահմանադրության 116.3 հոդվածի», – գրել է Ուչումը X-ում:

Էրդողանի երկրորդ նախագահական ժամկետը լրանում է 2028 թվականին, որից հետո, ըստ օրենքի, քաղաքական գործիչն այլևս չի կարող առաջադրվել, քանի որ նա այս պաշտոնը զբաղեցրել է երկու ժամկետ անընդմեջ։ Միաժամանակ, երկրում պարբերաբար ակտիվանում են արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումները, որոնց հնարավորությունը երկրի ղեկավարությունը դեռ չի հաստատել։

Ուչումը նշել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը կարող է լուծել միայն խորհրդարանը։

«Նախագահի պաշտոնի համար Էրդողանի թեկնածության առաջադրման բացառիկ հնարավորությունը հնարավոր է միայն սահմանադրական համապատասխան դրույթի կիրառման դեպքում։ Նման որոշում կայացնելու իրավասությունը պատկանում է խորհրդարանին: Եթե ​​այն, 360 պատգամավորների համաձայնությամբ, որոշի արտահերթ ընտրություններ անցկացնել մինչև 2028 թվականի մայիսի 7-ին նշանակված համընդհանուր ընտրությունները, օրինակ՝ 2027 թվականի երկրորդ կեսին, ապա նախագահ Էրդողանը կկարողանա կրկին առաջադրվել։ Եվ սա կլինի վերջին անգամը»,- նշել է Ուչումը։

Տեսանյութեր

Լրահոս