Իսրայելը հայտնել է 14 ամսում «Հեզբոլլահ»-ի շուրջ 3000 մարտիկի և 12 500 թիրախ ոչնչացնելու մասին
Լիբանանյան «Հեզբոլլահ»-ի հետ մարտական գործողությունների 14 ամսվա ընթացքում Իսրայելի զինվորականները հարված են հասցրել խմբավորման ավելի քան 12 500 օբյեկտի, ոչնչացրել շուրջ 3000 մարտիկի: Այս մասին հաղորդել է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) վիճակագրությունը:
Մասնավորապես, հարվածի է ենթարկվել 1600 հրամանատարական կետ և 1000 զինապահեստ։ Զինծառայողները նաև հարյուրից ավելի հատուկ գործողություն են անցկացրել։ԻՊԲ-ում «Հեզբոլլահ»-ի կորուստները գնահատում են նվազագույնը 2500, առավելագույնը՝ մոտավորապես 3500 մարդ։
Զոհվածների թվում են «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահը և խմբավորման բարձրագույն ղեկավարության 13 անդամ: Բացի այդ, ԻՊԲ-ում հայտնել են տարբեր աստիճանի 136 հրամանատարի ոչնչացման մասին:
ԻՊԲ-ում նաև հայտնել են, որ առգրավել են 12 000 պայթուցիկ սարք և ԱԹՍ, 13 000 ռեակտիվ արկ, հրթիռային կայանքներ, հակատանկային և զենիթային համակարգեր, 120 000 հաղորդակցության միջոցներ։
Իսրայելի զինվորականները և «Հեզբոլլահ»-ը նոյեմբերի 27-ին դադարեցրել են մարտական գործողությունները։ Կողմերը պայմանավորվել են, որ լիբանանյան բանակը կվերականգնի վերահսկողությունը Իսրայելի հետ սահմանակից շրջանների նկատմամբ, իսկ «Հեզբոլլահ»-ի ուժերը կնահանջեն իսրայելալիբանանյան սահմանից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա։ Կողմերը, սակայն, մեկը մյուսին մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակին կարգադրել է պատրաստվել «ինտենսիվ պատերազմի», եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարի ռեժիմը։