Հալեպում ստեղծված իրավիճակը ոտնձգություն է Սիրիայի ինքնիշխանության դեմ. Կրեմլ
Հալեպում ստեղծված իրավիճակը Սիրիայի ինքնիշխանության դեմ ոտնձգություն է. այս մասին, ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանը տարածաշրջանում կարգուկանոն հաստատելու կողմնակիցն է», – նշել է նա:
Պեսկովը հացելել է, որ ասելիք չունի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի՝ Հալեպում ստեղծված իրավիճակի ֆոնին շտապ Մոսկվա այցելելու վերաբերյալ:
Սիրիայում իսլամիստական խմբավորումները, այդ թվում՝ ահաբեկչական թուրքամետ «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ը, Հալեպ քաղաքից արևմուտք լայնածավալ հարձակում է սկսել Սիրիայի բանակի դիրքերի վրա, որոնք վերահսկում են նախագահ Բաշար ալ Ասադի և նրա դաշնակից իրանամետ ուժերը, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Հարձակման ընթացքում կառավարական ուժերը և Ասադի դաշնակիցներն օդային հարվածներ են հասցրել և փորձել կասեցնել ապստամբների առաջխաղացումը: Նշվում է, որ ապստամբ խմբավորումների հարձակումները, մասնավորապես, ուղղված են մի շարք գյուղերի ու ռազմակայանների վրա։
Վերջին տվյալներով՝ զինված ուժերը մոտենում են Անադանին։ Այս քաղաքը համարվում է Ասադի զորքերի պաշտպանական գծի կարևոր հանգույց։ Այն գրավելուց հետո ջիհադիստները կկարողանան գրավել Հրայտան և Քաֆր Համախ բնակավայրերը։ Դա նրանց թույլ կտա առաջ շարժվել դեպի Հալեպի հյուսիս-արևմուտք։
Թել Ռիֆաթի և Մանբիջի մերձակայքում թուրքական հրետանին մարտական պատրաստության է բերվել։ Թուրքական բանակը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է հարձակվել Սիրիայի դեմոկրատական ընդդիմության քրդական ուժերի դիրքերի վրա։
Այն, ինչ տեղի է ունենում, կարող է դառնալ Սիրիայում վերջին տարիների քաղաքացիական պատերազմի ամենանշանակալից սրացումներից մեկը։
Նշվում է, որ ռազմական գործողությունների բռնկումն արդեն իսկ հանգեցրել է հազարավոր մարդկանց տեղահանության, իսկ մի շարք կամավորական խմբեր ստիպված են եղել դադարեցնել իրենց հումանիտար ծառայությունները։
«Հայաթ Թահրիր ալ Շամ»-ը սուննի ջիհադական խմբավորումների կոալիցիա է, որը կռվում է Ասադի վարչակարգի դեմ: Խումբը ստեղծվել է 2017 թվականին «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության տեղական մասնաճյուղի հիման վրա։