Միջուկային բժշկությունը դարձել է մեր բժշկական գործիքակազմի էական մասը. ՀՀ առողջապահության նախարար
Միջուկային բժշկությունը դարձել է մեր բժշկական գործիքակազմի էական մասը՝ թույլ տալով ավելի արդյունավետ ախտորոշել և բուժել մի շարք հիվանդություններ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի նախարարական համաժողովի «Կանայք` գիտության մեջ» (Women in Science) խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:
«Որպես առողջապահության նախարար` ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում: Իմ ելույթում ներկայացրել եմ առաջնորդության իմ փորձը, անդրադարձել գիտության զարգացման գործում կանանց դերին և ներուժին: Առանձնահատուկ շեշտել եմ կին հետազոտողների և բժիշկների դերը, ովքեր էական առաջընթաց են գրանցում բժշկագիտության մեջ՝ մշակելով ճշգրիտ ախտորոշիչ գործիքներ, որոնք այսօր փոխակերպում են քաղցկեղի հայտնաբերումն ու բուժումը:
Շեշտել եմ, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է տալիս կանանց ներգրավվածության հավասար հնարավորությունների ստեղծմանը պետական կառավարման ոլորտներում` ճանապարհ հարթելով գիտության, այդ թվում` բժշկագիտության ոլորտում կանանց հաջորդ սերնդի համար»,- գրել է նախարարն՝ ընդգծելով, որ բոլորի պարտականությունն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդ կանայք կստանան աջակցություն և կլինեն վստահ` գիտական առաջընթաց գրանցելու իրենց կարողություններում: