Տեղի է ունեցել ՀՀ-ում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։
Ոստիկանությունից հայտնում են, որ Վարդան Վարդանյանն իր խոսքում նախանշել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության ուղղությամբ առաջիկա ծրագրերը՝ ընդգծելով, որ ցանկալի արդյունքի հնարավոր է հասնել միայն համակարգված պայքարի դեպքում։
Հանձնաժողովի անդամները ներկայացրել են թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ընթացիկ աշխատանքները, մատնանշել արձանագրված խնդիրները։ Քննարկվել են նաև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին և նոր ձևավորված Քրեական ոստիկանության կառուցվածքին և գործառույթներին վերաբերող հարցեր։
Օրակարգի հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։ Նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ արվել են կոնկրետ առաջարկություններ: Ամփոփելով նիստը՝ Վարդան Վարդանյանն արդյունավետ քննարկման համար շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին։ Հանձնաժողովի կազմում ներգրավված էին ՆԳ նախարարության ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության, Պաշտպանության, Առողջապահության, Արդարադատության նախարարությունների, Քննչական կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։