«Ֆրակցիան իրավունք ունի հեռացնել պատգամավորին, եթե…». Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի հարցը քննարկելու մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի մանդատը վայր դնելու հարցը դեռ չի քննարկվել «Հայաստան» դաշինքում, սակայն առաջիկայում քննարկման առարկա կդառնա։ Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով հարցին` Գեղամ Նազարյանը մանդատը վայր կդնի՞, թե՞ խմբակցությունից դուրս կգա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր, որ չի բացառվում` «Հայաստան» խմբակցությունը դիմի Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու հարցով, քանի որ երկար ժամանակ է՝ նա ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ, վերջերս էլ Վիետնամ էր մեկնել և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվել նավի վրա:
«Մանդատը թողնելու քննարկում չի եղել, բայց եթե ֆրակցիայի 29 պատգամավորներից մեկը կարծիքներ է ասում, որը ֆրակցիայի մոտեցմանը հակառակ է, իհարկե պետք է քննարկման առարկա դառնա։ Եթե համաձայն չէ, կարծիքը փոխել է, կարող է ինքը ի վիճակի է նաև լքել ֆրակցիան, կամ ֆրակցիան իրավունք ունի որոշ պրոցեդուրաներից հետո հեռացնել նրան»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` մանդատից հրաժարվելը տվյալ դեպքում պետք է պատգամավորի բարոյական մոտեցումների հարց լինի։