Բաժիններ՝

Ընդդիմադիր թեկնածու Օրսին հաղթում է Ուրուգվայի նախագահական ընտրություններում

«Լայն ճակատ» ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կոալիցիայի թեկնածու Յամանդու Օրսին հաղթում է Ուրուգվայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին են վկայում ձայների հաշվարկի արդյունքները, որոնք հրապարակել է Ընտրական դատարանը  ընտրատեղամասերի 81,26%-ի տվյալների մշակումից հետո։

Օրսիի օգտին քվեարկել է 942 470 ընտրող։ Նրա մրցակիցը՝ իշխող աջ կենտրոնամետ Ազգային կուսակցության թեկնածու Ալվարո Դելգադոն, ստացել է 898 767 ընտրողների աջակցությունը:

Դելգադոն արդեն ընդունել է ընտրություններում իր պարտությունը և շնորհավորել մրցակցին։ Օրսիին հաղթանակի առթիվ շնորհավորել է նաև Ուրուգվայի գործող նախագահ Լուիս Լակայե Պոուն։Օրսին, որը 2015-2024 թվականներին զբաղեցրել է Կանելոնեսի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, իր առաջնահերթություններից մեկն է համարում պայքարը հանցավորության դեմ, որի մակարդակն Ուրուգվայում վերջին տարիներին աճել է, և երկրի տարածքով թմրանյութերի տարանցման դեմ:

Քաղաքական գործիչը նաև խոստանում է ստեղծել նոր աշխատատեղեր և բարձրացնել ցածր եկամուտ ունեցող աշխատողների աշխատավարձերը։

Արտաքին քաղաքականության բնագավառում որպես առաջնահերթություն նա առանձնացնում է ինտեգրացիոն գործընթացների արագացման անհրաժեշտությունը տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Հարավային  Ամերիկայի ընդհանուր շուկայի («Մերկոսուր») շրջանակներում։ Ուրուգվայի ընտրված նախագահի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի մարտի 1-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս