Մի շարք երկրներ արձագանքել են ՄՔԴ-ի այս որոշմանը։
Մի շարք երկրներ արձագանքել են Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատար Իբրահիմ Ալ Մասրիի (համարվում է մահացած) ձերբակալման հրամաններին։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Այս հրամանները տրվել են 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման և դրանից հետո Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X սոցիալական հարթակում հրապարակված տեսանյութում դատապարտել է ՄՔԴ-ի կողմից այս որոշման ընդունումը։
«Այսօր մութ օր է մարդկության պատմության մեջ, Հաագայի միջազգային դատարանը, որը ստեղծվել է մարդկությանը պաշտպանելու համար, այսօր դարձել է մարդկության թշնամին: Դա հակասեմական քայլ է, որն ունի մեկ նպատակ՝ հետ պահել ինձ, հետ պահել մեզ մեր բնական իրավունքից՝ պաշտպանվելու թշնամիներից, որոնք փորձում են ոչնչացնել մեզ», – ասել է նա:
ՄՔԴ-ի որոշումը դատապարտել են նաև Իսրայելի ՊՆ նախկին ղեկավար Յոավ Գալանտը, նախագահ Իսահակ Հերցոգը, Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, Իսրայելի անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրը։
ՀԱՄԱՍ-ը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կոչ անելով, որ ՄՔԴ-ն «ընդլայնի պատասխանատվության ենթարկելու շրջանակները»՝ դա տարածելով «հանցավոր օկուպացիայի բոլոր ղեկավարների վրա»։
Պաղեստինյան ազգային վարչությունը ողջունել է որոշումը և դատարանի անդամներին հորդորել իրագործել այն։
Սպիտակ տունը մերժել է ՄՔԴ-ի որոշումը։ Ըստ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակի՝ ԱՄՆ-ն «մտահոգված է դատախազի կողմից ձերբակալության հրամաններ ստանալու շտապողականության և այս որոշմանը հանգեցնող գործընթացում անհանգստացնող սխալների առնչությամբ»։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հարկավոր է, որ բոլորը հետևեն միջազգային օրենքին։
Նիդեռլանդները, Շվեյցարիան, Իռլանդիան, Իտալիան և Իսպանիան հայտարարել են, որ կկատարեն Հռոմի ստատուտով և միջազգային օրենքով ստանձնած իրենց պարտավորությունները։
Ավստրիան նույնն է ասել, սակայն երկրի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը ձերբակալման հրամանն անվանել է անհեթեթ։
Ֆրանսիայի արտգործնախարարությունը նույնպես ասել է, որ իր արձագանքը կհամապատասխանի ՄՔԴ-ի ստատուտներին, սակայն հրաժարվել է հաստատել, որ կձերբակալի Նեթանյահուին։
Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի խոսնակը նույնպես ասել է, որ երկիրը հարգում է ՄՔԴ-ի որոշումները, սակայն չի հաստատել, որ Լոնդոնը կհետևի ձերբակալման հրամաններին։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը նշել է, որ այդ որոշումը քաղաքական չէ, այլ իրավական, և որ ԵՄ բոլոր երկրները պետք է այն հարգեն ու իրագործեն։ Թուրքիաի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ ՄՔԴ-ի կողմից տրված ձերբակալման հրամանը «հուսադրող» է` հավելելով, որ Անկարան կշարունակի աշխատել՝ «ապահովելու, որ միջազգային օրենքն իրագործվի ցեղասպանությունը պատժելու համար»։
Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադին նույնպես հայտարարել է, որ ՄՔԴ-ի որոշումները հարկավոր է հարգել և իրագործել, քանի որ «պաղեստինցիներն արժանի են արդարության»։
Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որն Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելին մեղադրել է Գազայում ցեղասպանության համար, ողջունել է ՄՔԴ-ի որոշումը։