Բաժիններ՝

Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 20-ին ողջույնի խոսքով է հանդես եկել «Խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության վիճակը Հայաստանում․ արդյոք հաղթահարվում է անպատժելիությունը» թեմայով համաժողովին:

Համաժողովի նպատակն էր անդրադառնալ խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վերաբերյալ ներկայացված առաջարկություններին, առկա իրավիճակին և պետության ստանձնած պարտավորությունների կատարմանը։

Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման ձևաչափով հանդիպումների անցկացման կարևորությունը՝ ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման և համատեղ ջանքերով լուծման ուղիներ գտնելու տեսանկյունից։

«Առկա խնդիրների մասին խոսել՝ չի նշանակում մերժել այն գաղափարը, որ այս բնագավառում տեղի են ունեցել տարատեսակ փոփոխություններ, որոնք նպաստել են ոլորտը կատարելագործելուն: Միևնույն ժամանակ, դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման նպատակով պետությունը պետք է թիրախավորված, պրոֆեսիոնալ և ակտիվ աշխատանք իրականացնի: Կարևոր է ինչպես խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման կառուցակարգերի կատարելագործումը, այնպես էլ նշված գործերի պատշաճ և արդյունավետ քննությունը»,-Անահիտ Մանասյանի խոսքերն է մեջբերված ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Միևնույն ժամանակ, Անահիտ Մանասյանն ընդգծել է յուրաքանչյուրի հանձնառության կարևորությունը` ջանքերը մեկտեղելու և ոլորտում առկա բոլոր խնդիրները հաղթահարելու հարցում։

«Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց»,- եզրափակել  է Անահիտ Մանասյանը:

Ողջույնի խոսքով են հանդես եկել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը և ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը: Մասնակցել են պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ:

Համաժողովին որպես բանախոս հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, ով անդրադարձել է ինչպես խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների արդյունավետ քննությանը, այնպես էլ Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից նախորդ տարվա ընթացքում մշտադիտարկման այցերի  արդյունքում ամփոփված 382 առաջարկների կատարման ընթացքին:

«2024 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով նախաձեռնված է եղել 236 քրեական վարույթ։ Այս պահին քննվում է 307 վարույթ, որից 130-ն այս տարվա ընթացքում կարճվել է, 2 անձի վերաբերյալ դատարան է ուղարկվել 2 վարույթ», – ընդգծել ՄԻՊ ներկայացուցիչը:Լաուրա Գասպարյանը նշել է, որ այդ ցուցանիշների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ մտահոգություն է հայտնում:

Համաժողովը տեղի է ունեցել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս