Բաժիններ՝

Ուկրաինան չի ընդունի «տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքով որևէ համաձայնագիր. ԱԳ նախարար

Ուկրաինան չի ընդունի «կիսատ-պռատ» լուծումներով որևէ նախաձեռնություն, որը ենթադրում է փոխզիջումներ իր ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության հարցում։ Այս մասին Վաշինգտոնում Հելսինկյան հանձնաժողովի նիստում ելույթի ժամանակ ասել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը։

«Մենք Ուկրաինայում գիտենք, որ գոյատևման գոյաբանական պայքարի իրավիճակում կիսատ-պռատ լուծման համար տեղ չկա։ Կիսատ միջոցները միայն կես արդյունք են տալիս։ Իսկ կյանքի կամ մահվան իրավիճակներում կիսատ լուծումը մահն է, ոչ թե կյանքը»,- ընդգծել է ուկրաինական դիվանագիտության ղեկավարը։

Նա նշել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը միայն երկու պետությունների հակամարտություն չէ, դա մի պետության ագրեսիա է մյուսի դեմ։

«Այստեղ ոչ-ոքի չի կարող լինել: Պուտինյան Ռուսաստանի պես դաժան և անօրինական ռեժիմի հետ պատերազմի պայմաններում ուժի միջոցով խաղաղության հաստատմանն այլընտրանք չի կարող լինել։ Ուկրաինան չի ընդունի որևէ նախաձեռնություն, որը ենթադրում է փոխզիջում մեր ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության հարցում։ Մենք չենք ընդունի առանց մեր մասնակցության մշակված որևէ նախաձեռնություն»,- ասել է նախարարը։

Նա շարունակել է, որ ուկրաինացիները չեն ընդունի «տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքով որևէ համաձայնագիր։ Նրա խոսքով՝ նման գաղափարները կնշանակեն, որ միլիոնավոր մարդիկ կմնան ագրեսորի ձեռքում և կենթարկվեն ցեղասպանության, խոշտանգումների ու ճնշումների։

«Բացի այդ, Ռուսաստանին նոր տարածքներով պարգևատրելը չի վերականգնի խաղաղությունը, այլ կհրահրի հետագա ագրեսիա։ Սա հանդարտեցում է, ոչ թե խաղաղություն։ Հանդարտեցումը նախկինում երբեք չի աշխատել և հիմա էլ չի գործի»,- ընդգծել է Սիբիգան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս