ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը
Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալայի հետ:
Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին և ԱՀԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը:
«Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ավելի քան երկու տասնամյակ շարունակ կազմակերպության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը և ընդգծել ԱՀԿ-ի կարևոր դերակատարությունը համաշխարհային տնտեսական կարգավորման և կայունության ապահովման գործում:
Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ԱՀԿ-ի գործունեությունը կարևոր է ոչ միայն առևտրի ազատականացման, այլև համաշխարհային տնտեսության բարելավման տեսանկյուններից», – նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը Նգոզի Օկոնջո-Իվեալային է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը նպատակ ունի հասնել տարածաշրջանային կայունության և տնտեսական համագործակցության ապահովման:
«Կողմերը նաև մտքեր են փոխանակել Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի զարգացման հնարավորությունների և կարևորության վերաբերյալ՝ նշելով, որ թվային տնտեսության խթանումը կարող է նպաստել երկրի տնտեսության մրցունակության բարձրացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ և խթանելով ներդրումները», – հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։