Աբխազիայի նախագահական նստավայրի մոտ հավաքված ցուցարարները մերժել են Բժանիայի առաջարկը
Ցուցարարները մերժել են Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը։ Նրանք նաև հրաժարվել են հեռանալ նախագահ
ական նստավայրից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն Սուխումի խորհրդարանի շենքը։ Նա նշել էր, որ դրանից հետո երկրում նոր ընտրություններ կանցկացվեն, իսկ մինչ այդ Աբխազիան կղեկավարի փոխնախագահ Բադրա Գունբան:
Աբխազիայի նախագահի առաջարկը հնչեցրել է ընդդիմադիր Ադգուր Արձինբան։ Նա հավաքվածներին հարցրել է` պատրա՞ստ են լքել կառավարական համալիրը և համաձա՞յն են, որ մինչ այդ նախագահի պաշտոնակատար լինի երկրի փոխնախագահը։ Ցուցարարները պատասխանել են, որ կընդունեն միայն Բժանիայի հրաժարականը։
Հիշեցնենք` երեկ` նոյեմբերի 15-ին, Աբխազիայի խորհրդարանը պետք է քննարկեր Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման հարցը: Ընդդիմությունը հայտարարում է, որ դեմ է այդ փաստաթղթի վավերացմանը, քանի որ կարծում է` դա թույլ կտա, որ Աբխազիայի բնակարանները վաճառվեն Ռուսաստանին։
Արդյունքում խորհրդարանականները որոշեցին հարցի քննարկումը տեղափոխել հաջորդ շաբաթ։ Ցուցարարները գրեթե անմիջապես հայտարարեցին, որ մտադիր չեն ցրվել, քանի դեռ խորհրդարանը դեմ չի քվեարկել վավերացմանը։ Նրանք կոտրեցին կառավարական համալիրի դարպասները` պահանջելով նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը:
Ավելի ուշ ցուցարարների մի մասին հաջողվեց մուտք գործել խորհրդարանի շենք, կոտրել որոշ աշխատասենյակների ապակիները և նիստերի դահլիճի սեղանը: Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Աբխազիայի ղեկավարի վարչակազմը երկրում իրավիճակի կայունացման համար փաստաթուղթ է պատրաստում ՌԴ-ի հետ ներդրումների մասին համաձայնագրի վավերացումը խորհրդարանից հետ կանչելու մասին: Այսօր հայտնի դարձավ, որ Բժանիան չի ստորագրել համաձայնագիրը խորհրդարանից հետ կանչելու մասին փաստաթուղթը։