Ադրբեջանը՝ COP29-ը հյուրընկալող հանցավոր պետություն. Արտակ Բեգլարյանի հարցազրույցը Le Figaro-ին

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել ֆրանսիական առաջատար Le Figaro ամսագրին, որը նոյեմբերի 9-ին (մինչև COP29-ի մեկնարկը ) հրապարակվել է և՛ տպագիր, և՛ էլեկտրոնային տարբերակներով: Հեղինակը նախաբանում հիշեցրել է, որ նոյեմբերի կեսերին Բաքվում բացվում է կլիմայի նոր գագաթնաժողովը։ 

«Իր ավելի քան 100,000 հայրենակիցների հետ միասին հայրենիքից բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը կոչ է անում ճնշում գործադրել նախագահ Ալիևի ռեժիմի վրա, որը, նրա խոսքերով, հայերի դեմ ցեղասպանություն է իրականացրել։ Նրա դեմքը տառապանքների հետքեր է կրում, սակայն ձայնը վճռական է»,- ասված է նախաբանի մեջ:

Հեղինակը պատմում է, որ սեպտեմբերի 19-ին Արտակ Բեգլարյանը, իր հայրենակից Գեղամ Ստեփանյանի հետ միասին, Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) բողոք է ներկայացրել։ Նրանց ակնկալիքն է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն կսկսվի։ 

«Սա ցեղասպանություն է։ Միայն քաղաքական գործիչներն են խուսափում օգտագործել այս բառը։ Վստահ եմ, որ մի օր այն միջազգային հանրության կողմից կճանաչվի»,- ասել է Արտակ Բեգլարյանը: 

Լրագրողը շեշտել է, որ հարցազրույցի ժամանակը պատահական չի ընտրված.«Նոյեմբերի 11-ին (հարցազրույցը հրապարակվել է նոյեմբերի 9-ին (խմբ.)) Բաքվում կբացվի COP29-ը՝ կլիմայի վերաբերյալ մեծ միջազգային գագաթնաժողովը։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ առնվազն 23 հայ գերի դեռևս պահվում են նախագահ Ալիևի ռեժիմի կողմից»- գրել է պարբերականը՝ մեջբերելով Արտակ Բեգլարյանի այն խոսքերը, որ իրականում բազմաթիվ հիմքեր կան պնդելու, որ գերիների թիվը մոտ է 100-ի։ 

«Մեծ մասի դեպքում նույնիսկ չգիտենք, թե արդյոք նրանք ողջ են»,- ասել է Բեգլարյանը:Հարցազրույցի հեղինակը պատմում է, որ Արտակ Բեգլարյանը շատ զրկանքների է առերեսվել։ Ծնվելով 1988 թվականին Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում, նա հիշում է մանկության բանաստեղծությունները, երգերն ու մեղեդիները: 

«Նա ընդամենը չորս տարեկան էր, երբ հայրը զոհվեց ճակատում՝ ադրբեջանցի զինվորների կողմից։ Երկու տարի անց՝ ընկերների հետ բակում խաղալու ընթացքում, ականի պայթյունը նրան կուրացրեց։ 16 տարեկանում մայրը մահացավ սրտի կաթվածից՝ թողնելով տղային ամբողջովին միայնակ։ Չնայած այդ ամենին՝ նրան հաջողվեց սովորել Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում, իսկ հետո՝ հեղինակավոր Լոնդոնի համալսարանական քոլեջում, որտեղ առաջարկեցին մնալ։

«Բայց ես վերադարձա հայրենիք՝ իմ ժողովրդին ծառայելու համար։ Դա իմ կյանքի առաքելությունն է, որն ինձ վերադարձրեց տուն»,- նշել է Բեգլարյանը: Շարունակելով պատմել Արտակ Բեգլարյանի մասին՝ Le Figaro-ի լրագրողը մանրամասնել է՝ նա դարձավ Մարդու իրավունքների պաշտպան, ապա՝ նախագահի աշխատակազմի ղեկավար և պետական նախարար։ Պարբերականն ընդգծում է՝ 2022 թվականի դեկտեմբերին՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման մեկնարկով, կյանքն այնտեղ աստիճանաբար անտանելի դարձավ։ Կենսական ապրանքները պակասեցին՝ ձեթ, հացահատիկ և այլն: 2023 թվականի սկզբին Հայաստանից էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը խափանվեց Ադրբեջանի կողմից:

«Մի քանի շաբաթ շարունակ ես ու կինս հաց չէինք ուտում, որպեսզի կարողանայինք այն տալ մեր երկու դուստրերին… Ձմռանը մենք էլեկտրաէներգիա ունեինք օրական միայն 12-16 ժամով։ Մարդիկ ջեռուցում չունեին, և դպրոցները ժամանակավորապես փակվեցին։ Նույնիսկ ջրի մատակարարումը խնդիր դարձավ»- մեջբերվում են զրուցակցի խոսքերը: 

Ամսագրում նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական զորքերը վերջնականապես ներխուժեցին Լեռնային Ղարաբաղ, Արտակ Բեգլարյանն իմացավ, որ ադրբեջանական զինվորները իրեն էլ էին փնտրում։ Նա որոշեց փախչել իր ընտանիքի հետ։ 

«Մոտ 27 ժամ պահանջվեց՝ շուրջ 50 կիլոմետր անցնելու համար մինչև Հայաստանի սահմանը։ Ես նույնիսկ մեքենայից դուրս չեկա. հարազատներս վախենում էին, որ ինձ կձերբակալեն կամ կսպանեն»,- պատմել է նա:

Այսօր Արտակ Բեգլարյանը փախստական է՝ բարեկամների մոտ՝ Երևանում. «Ես մասնակի աշխատանք ունեմ իմ ընտանիքի կարիքները հոգալու համար։ Մնացած ժամանակ ես ակտիվորեն շարունակում եմ ջատագովել իմ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար»։

COP29-ի նախաշեմին Արտակ Բեգլարյանը կոչ է արել Ադրբեջանում պահվող բոլոր հայ պատանդների ազատման օգտին։ 

«Նա նաև ցանկանում է, որ Էմանուել Մակրոնը և Ֆրանսիայի կառավարությունը աջակցեն իրենց բողոքին Միջազգային քրեական դատարանում։ Ֆրանսիացի երկու փաստաբանների՝ Կատալինա դե լա Սոտայի և Ֆրանսուա Զիմերեյի կողմից ներկայացված այս բողոքը շատ քիչ հնարավորություն ունի հաջողելու, եթե չի ստանում Հռոմի Ստատուտը վավերացրած և ՄՔԴ իրավազորությունը ճանաչող պետություններից գոնե մեկի աջակցությունը։ Նա հույս ունի նաև, որ միջազգային հանրությունը խիստ պատժամիջոցներ կկիրառի այդ հանցագործությունների հեղինակների նկատմամբ»,- նկատում է պարբերականը՝ մեջբերելով Արտակ Բեգլարյանի այն նկատառումը, որ երբ քաղաքական աջակցությունն ամփոփվում է գեղեցիկ խոսքերով և կարեկցանքով, դա իրական աջակցություն չէ: 

«Դիկտատորները, հատկապես ցեղասպանությունների հեղինակները, անտեսում են հայտարարություններն ու խոսքերը»,- ընդգծել է Բեգլարյանը: 

Le Figaro-ի հրապարակումը եզրափակվում է շեշտադրմամբ, որ չնայած իր ապրած կյանքին՝ նախկին պետական նախարարը շարունակում է ամուր հույս ունենալ.«Ես շատ եմ տառապել մանկությունից ի վեր, սակայն միշտ կարողացել եմ հաղթահարել այդ դժվարությունները։ Եթե մենք համատեղենք մեր ջանքերը, ես հավատում եմ, որ մի օր հնարավոր կլինի հասնել խաղաղության և արդարության՝ ոչ միայն իմ ժողովրդի, այլև՝ ողջ մարդկության համար»։

Տեսանյութեր

Լրահոս