Մասկը և Ռամասվամին Թրամփի վարչակազմում կղեկավարեն Կառավարության արդյունավետության վարչությունը
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միլիարդատեր Իլոն Մասկը և հանրապետական Վիվեկ Ռամասվամին նրա վարչակազմում կղեկավարեն Կառավարության արդյունավետության վարչությունը:
«Միասին այս երկու ամերիկացիները ճանապարհ կհարթեն իմ վարչակազմի համար, որպեսզի քանդենք պետական բյուրոկրատիան, կրճատենք ավելորդ կանոնակարգերը, կրճատենք անիմաստ ծախսերը և վերակառուցենք դաշնային գործակալությունները», – ասել է Թրամփը մամուլի հաղորդագրության մեջ։
Թրամփը հավելել է, որ այդ վարչության աշխատանքը կավարտվի ամենաուշը 2026 թ. հուլիսի 4-ին։ «Ավելի փոքր կառավարությունը՝ ավելի մեծ արդյունավետությամբ և ավելի քիչ բյուրոկրատիայով, կատարյալ նվեր կլինի Ամերիկային Անկախության հռչակագրի ընդունման 250-ամյակի առթիվ: Վստահ եմ, որ նրանք հաջողության կհասնեն», – հայտարարության մեջ նշել է Թրամփը։
Tesla, Space X, Neuralink և մի շարք այլ ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը նախագահական ընտրությունների ժամանակ Թրամփի ամենամեծ աջակիցներից էր։ Իսկ Վիվեկ Ռամասվամին պայքարում էր Հանրապետական կուսակցության կողմից նախագահի պաշտոնին առաջադրվելու համար, սակայն դուրս էր եկել ընտրարշավից և իր աջակցությունը հայտնել Դոնալդ Թրամփին։
Թրամփի հայտարարությունից ժամեր անց Մասկն իրեն պատկանող X սոցիալական հարթակում հայտարարել է, որ Կառավարության արդյունավետության վարչության բոլոր գործողությունները կհրապարակի առցանց՝ թափանցիկության համար։
«Մենք կունենանք նաև ձեր հարկային դոլարների ամենահիմար ծախսերի վերաբերյալ վարկանիշային աղյուսակ։ Սա կլինի և՛ չափազանց ողբերգական, և՛ չափազանց զվարճալի», – հավելել է Մասկը։
Թրամփը նաև հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում կնշանակի Փիթ Հեգսեթին, որը Fox News-ի հաղորդավար է և վետերան։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, ըստ Reuters-ի աղբյուրների, կնշանակվի սենատոր Մարկո Ռուբիոն։