ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ
Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները հայտարարել են ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի դեմ Իրանի կողմից պատվիրված մահափորձը կանխելու մասին։
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն՝ մեղադրանքներ են առաջադրել Իրանից Ֆարհադ Շաքերիին, Բրուքլինից Կարլայլ Ռիվերային և Նյու Յորքից Ջոնաթան Լոուդհոլթին՝ Նյու Յորքում իրանական ծագմամբ ԱՄՆ քաղաքացու սպանության փորձին նրանց ենթադրյալ մասնակցության համար։
Շաքերին մեղադրվում է նաև ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։ Նշվում է, որ Ռիվերան և Լոուդհոլթը ձերբակալվել են, իսկ Շաքերին ազատության մեջ է, քանի որ, ենթադրաբար, նա գտնվում է Իրանում։ ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիք Գարլենդը հայտարարել է, որ արդարադատության դեպարտամենտը մեղադրանք է առաջադրել իրանական գործակալին, որը հանցավոր խումբ ղեկավարելու հանձնարարություն է ստացել ՝ Իրանի պլաններին աջակցելու և նրա թիրախներին սպանելու համար, այդ թվում՝ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին։
«Մենք նաև մեղադրանք ենք առաջադրել ու ձերբակալել ենք երկու անձի, որոնք, որպես այս խմբի մաս, հավաքագրվել են, որպեսզի ԱՄՆ-ի տարածքում սպանեն ամերիկացի լրագրողի, որը խիստ քննադատել է Իրանի ռեժիմին»,- ասել է Գարլենդը։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքները բացահայտում են ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին, Իրանի ռեժիմին քննադատող կառավարության այլ ներկայացուցիչներին և այլախոհներին հետապնդելու՝ Իրանի ռեժիմի փորձերը։
«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանցավոր համաձայնության մեջ է մտել հանցագործների և մարդասպանների հետ, որպեսզի ԱՄՆ-ի տարածքում հետապնդի և գնդակահարի ամերիկացիներին, ինչը պարզապես անընդունելի է։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի համառ աշխատանքի շնորհիվ մահաբեր սխեմաները խաթարվել են»,- ասել է ՀԴԲ-ի ղեկավարը։