ԱՄՆ գործող վարչակազմի քաղաքականությունն Ուկրաինայի հարցում չի փոխվի մինչև լիազորությունների ժամկետի ավարտը
ԱՄՆ գործող վարչակազմը մինչև 2025 թ. հունվարի 20-ին լիազորություններն ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցելը չի փոխի իր քաղաքականությունն Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում։ Այս մասին հայտնել են ինչպես Սպիտակ տան, այնպես էլ Պենտագոնի ներկայացուցիչները։
Ըստ Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռի՝ նախագահ Ջո Բայդենը կշարունակի օգնության մատակարարումն Ուկրաինային և կմեծացնի իր մոտ մնացած ռազմական օգնության տրամադրման տեմպերը։
«Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է երաշխավորել, որ նրանք ունենան այն, ինչի կարիքը կա։ Դա չի փոխվել… Մենք կմեծացենք Ուկաինային այդ օգնության մատակարարումը։ Մենք կշարունակենք այնպես անել, որ նրանք ունենան այն ամենն, ինչ անհրաժեշտ է մարտի դաշտում՝ հետ մղելու Ռուսաստանի հարձակումը», – ասել է Սպիտակ տան խոսնակը։
Նա հավելել է, որ Վաշինգտոնը գործողություններ է ձեռնարկել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու և մարտի դաշտում կարողություններն ավելացնելու համար։
Իր հերթին, ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Բայդենի վարչակազմի մոտ մնացել է շուրջ 6 միլիարդ դոլար Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումների համար։ Նա նշել է, որ առաջիկա շաբաթներին օգնության փաթեթները կշարունակեն մատակարարվել Ուկրաինային՝ մինչև գործող վարչակազմի լիազորությունների ժամկետի ավարտը։