Գերմանիայի իշխող կոալիցիան կազմալուծվել է. Շոլցը Բունդեսթագից վստահության քվե կխնդրի
Գերմանիայում իշխող «լուսացույցի կոալիցիան», կազմված Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, Ազատ դեմոկրատական կուսակցությունից և «Միություն 90»-ից (կանաչներ), կազմալուծվել է։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հունվարի 15-ին Բունդեսթագից վստահության քվե կխնդրի իր կառավարության համար, որպեսզի կարողանա մարտին արտահերթ ընտրություններ անցկացնել։
Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։«Մեզ հարկավոր է մի կառավարություն, որը կարող է գործել, որն ուժ ունի՝ մեր երկրի համար անհրաժեշտ որոշումներ կայացնելու», – ասել է Շոլցը լրագրողներին:
Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ պաշտոնից ազատում է իշխող կոալիցիայի կազմում Ազատ դեմոկրատական կուսակցությունից ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին, որը նաև կուսակցության ղեկավարն է։
Շոլցը պարզաբանել է, որ նախարարը կառուցողական չի գործել բյուջետային հարցերում և արգելափակել է անհրաժեշտ օրենքների ընդունումը։Իր հերթին Լինդները Շոլցին մեղադրել է կարմիր-կանաչ-դեղին (կուսակցությունների գույները) կոալիցիայի կազմալուծման համար։
Շոլցի և Լինդների միջև լուրջ տարաձայնություններ կան տնտեսական, ֆինանսական և սոցիալական քաղաքականության հետ կապված, որի պատճառով նրանք չեն կարողանում ընդունել 2025 թվականի բյուջեն։