ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքից հետո կա մի կարեւոր հարց: Ինչպե՞ս է տեղի ունենալու իշխանության փոխանցումն ԱՄՆ-ում. Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «Ըստ իս, ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքից հետո կա մի կարեւոր հարց: Ինչպե՞ս է տեղի ունենալու իշխանության փոխանցումն ԱՄՆ-ում: Մեծ հաշվով, գալիք 2,5 ամիսը փաստորեն լինելու է այդ փոխանցման շրջանը: Ընդ որում, էականն այս հարցի միայն առերեւույթ կողմը չէ: Այսինքն, առերեւույթ ամեն ինչ կարող է ընթանալ դասական սցենարով՝ Հարրիսը շնորհավորում է Տրամպին, սկսում է իշխանության փոխանցման ընթացակարգը, նրան ծանոթացնում են պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ, եւ այլն, եւ այլն:
Տվյալ պարագայում կա բնականաբար նաեւ հետնաբեմային իրավիճակը եւ այստեղ, ըստ իս, այդուհանդերձ արդիական է հարցը, թե արդյո՞ք չի «թռչի» եւ գա մի որեւէ «սեւ կարապ», որը կարող է կտրուկ փոխել պատկեր:
Վերջին հաշվով, եթե մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որի ամենից բնորոշ հատկանիշներից մեկը անկանխատեսելիությունն է եւ անորոշությունը, եթե անգամ կազմակերպված քաոսի տրամաբանությամբ, ապա հավանական է դառնում ցանկացած զարգացում:
Ինչպես ասում են՝ ընթանում է համաշխարհային պատերազմ, եւ այդ ընթացքում ճակատամարտեր կարող են շահել տարբեր դերակատարներ, բայց պատերազմը դեռ ընթաննում է եւ հարցը, թե ով է շահելու պատերազմը, մնում է բաց:
Այդ թվում բնականաբար նաեւ միջազգային ասպարեզում:
Ահա այդ իմաստով, ես կարծում եմ Հայաստանից պահանջվում է չափազանց բարձր զգոնություն, զգուշավորություն, ինտենսիվ աշխատանք առաջիկա երկու եւ կես ամիսներին անվտանգային միջավայրում կառավարելիությունը ապահովելու համար, մինչ Նահանգներում կավարտվի իշխաննության փոխանցման կամ ըստ էության անցումային այս փուլը:
Վերջին հաշվով, այդօրինակ փուլի առկայությունը մի ժամանակահատված է, մի հնարավորություն, երբ կարելի է «դուրս գրել» բաներ, որոնք ավելի այսպես ասած կոնկրետ իրավիճակներում անելը բավականին բարդ է:
Ահա այդ իմաստով, պահանջվում է էական աշխատանք՝ Կովկասում «դուրսգրումների» չենթարկվելու համար»։