Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ռազմավիրական ճանապարհի Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան տանող հատվածում վերականգնվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթևեկությունը Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» հսկիչ անցակետով: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին նոյեմբերի 6-ին հաղորդել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու հնարավորության կապակցությամբ թույլատրվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածով` երկու ուղղություններով նոյեմբերի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 6:20-ից, մինչև հատուկ կարգադրություն կլինի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ռազմավիրական ճանապարհի Վլադիկավկազ-Լարս հատվածով մեծ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը նոյեմբերի 5-ին Մոսկվայի ժամանակով 08:20-ից դադարեցվել էր Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով։
Ռազմավիրական ճանապարհն անցնում է բարձրլեռնային շրջանով և ներկայում միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանին կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։