Թրամփը հաղթել է տատանվող Ջորջիայի նահանգում, Fox News-ի կանխատեսմամբ՝ նաև Փենսիլվանիայում` ապահովելով հաղթանակ
ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին տատանվող Ջորջիայի նահանգում, ըստ Edison Research ընկերության։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ այս հաղթանակով նա ապահովել է ընտրիչների 246 ձայն, անհրաժեշտ 270-ից, մինչդեռ Հարիսն ապահովել է ընտրիչների 182 ձայն։
Մինչ այդ, Թրամփը հաղթել էր նաև տատանվող Հյուսիսային Կարոլինայի նահանգում։Իր հերթին, Fox News-ը կանխատեսում է, որ Թրամփը հաղթանակ է տանում նաև տատանվող Փենսիլվանիայի նահանգում, իսկ դա նշանակում է, որ Քամալա Հարիսն ընտրություններում հաղթելու շանսեր գրեթե չի ունենա։
Փենսիլվանիայում հաղթանակը ամենակարևորը կլինի Թրամփի համար, քանի որ այս հաղթանակից հետո նախագահի պաշտոնը հետ վերցնելու համար նրան կպակասի ընդամենը 3 ընտրիչի ձայն։
ԱՄՆ նախագահի և փոխնախագահի ընտրություններն անուղղակի են։ Քվեարկելու իրավունք ունեցող ԱՄՆ քաղաքացիներն ընտրում են ոչ թե կոնկրետ թեկնածուներին, այլ Ընտրողների կոլեգիայի անդամներին՝ ընտրիչներին։ Ընտրիչներն այնուհետև իրենց ձայնը տալիս են տվյալ նահանգում առավելագույն ձայներ ստացած թեկնածուի օգտին։ Յուրաքանչյուր նահանգի կոլեգիայի անդամների թիվը համապատասխանում է Կոնգրեսում այդ նահանգի անդամների թվին։ Այն թեկնածուն, որը ստանում է ընտրիչների ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 538-ից առնվազն 270-ը, ընտրվում է նախագահ։
Հանրապետական գործարար Բեռնի Մորենոն հաղթել է Օհայոյի սենատոր Շերրոդ Բրաունին, ով երեք ժամկետ զբաղեցրել է այդ պաշտոնը։ Մորենոյի հաղթանակն անսպասելի էր. Շերրոդը ամենաազդեցիկ օրենսդիրներից է։ Նա Սենատի բանկային հանձնաժողովի նախագահն էր և ամենաազդեցիկ օրենսդիրներից մեկը:
Քվեարկության արդյունքները դեռ պարզ չեն վեց նահանգներում, որոնցից երեքում հանրապետականները հաղթելու հնարավորություն ունեն: